Ֆրանսիայում իսլամիստ ծայրահեղականի կողմից ուսուցչի սպանության գործով 7 անձ դատարանի առաջ կկանգնի

06:26 • 21.10.20

Ֆրանսիայում 7 անձ դատարանի առջև կկանգնի իսլամիստ ծայրահեղականի կողմից պատմության ուսուցչի՝ Սամուել Պատիի սպանության գործով, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Agense France-Presse-ի հրապարակմանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ քննվող գործի նախնական լսումների ժամանակ նշված անձանց, ամենայն հավանականությամբ, մեղադրանք է առաջադրվելու: Նրանցից երկուսն անչափահաս են, որոնք կասկածվում են ահաբեկչին գումարի դիմաց ուսուցչի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար, մեկը սպանություն կատարած անձի հայրն է, որն ակտիվ քննադատել է սպանված ուսուցչին, մյուսը՝ իսլամիստ մեկ այլ ակտիվիստ՝ Աբդելհաքիմ Սեֆրիուին, և սպանություն կատարած իսլամիստի 3 ընկերները:

Ֆրանսիական գործակալության տվյալներով՝ մնացած ձերբակալվածները ազատ են արձակվել. ավելի վաղ 16 մարդու ձերբակալման մասին էր հաղորդվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի Կոնֆլայն-Սենտ-Օնորին քաղաքում՝ դպրոցի հարևանությամբ, հարձակում էր տեղի ունեցել պատմության ուսուցչի նկատմամբ. 18-ամյա երիտասարդը, որն, ըստ ԶԼՄ հրապարակումների, ազգությամբ չեչեն է, կտրել է ուսուցչի կոկորդը:

Հանցագործությունը կատարած երիտասարդը փորձել էր վախեցնել ոստիկաններին, սակայն սպանվել էր նրանց կողմից արձակված կրակոցից: Նրա ինքնությունը դեռ պարզ չէ:

Հետաքննության փոխանցած տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 5-ին դպրոցում խոսքի ազատությանը նվիրված կայացած դասերից մեկի ժամանակ սպանված ուսուցիչը Մուհամմեդ մարգարեի վերաբերյալ ծաղրանկար է ցուցադրել: Դրանից հետո նա իր դասարանում սովորող աշակերտների ծնողներից պարբերաբար տարբեր սպառնալիքներ ստանալ և այդ առնչությամբ բողոքներ է ներկայացրել ոստիկանություն:

Դեպքի վայր մեկնած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ կատարվածը ահաբեկչություն էր որակել: