Չեմ կարծում, որ կարող է լինել Փաշինյան-Ալիև հանդիպում, քանի դեռ պայմանավորվածությունները` գոնե հումանիտար հրադադարի մասով, չեն պահպանվել. Է. Մարուքյան (տեսանյութ)
Այս պահին ՀՀ ԱԳ նախարարը գտնվում է Մոսկվայում, տեղեկություններ եղան, որ նաև Ադրբեջանի ԱԳ նախարարն է Մոսկվայում, իմ ակնկալիքն այս այցից հետևյալն է՝ հոկտեմբերի 10-ին ՌԴ միջնորդությամբ և հովանավորությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնությունը, այնուհետև նաև Ֆրանսիայի նախագահի կրկին միջնորդությամբ նորից հայտարարված հումանիտար զինադադարի վերաբերյալ համաձայնության կայացումը. ուրիշ այլ ակնկալիք այդ հանդիպումից ես չունեմ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն այստեղ ունի պոզիտիվ պարտականություն՝ պարտադրելու այդ պայմանավորվածության իրագործումը: Իսկ թե ինչպես պետք է պարտադրի, Էդմոն Մարուքյանը նշեց, որ ինքը պարտադրելու մեջ նաև տեսնում է ուժի կիրառումը, որովհետև բոլոր իրավական հիմքերը կան ուժ կիրառելու:
«Խոսքը հակատեռորիստական գործողություն անելու մասին: Գիտեք, որ տեռորիստներին հարվածելը համարվում է լեգիտիմ թիրախ, և այս առումով բոլոր իրավական հիմքերը ՌԴ կողմից վերջին 20 օրվա ընթացքում ձևավորված են, որ նման գործողություն իրականացվի: Հետևաբար, այդ ուղղությամբ նաև պետք է աշխատանք տարվի: Բայց իմ ակնկալիքը, եթե այսօր լինելու է հանդիպում, չնայած՝ եթե երկու նախարարները մեկնել են Մոսկվա, ուրեմն ինչ-որ բան լինելու է, պետք է այնպես լինի, որ անպայման ձեռք բերված պայմանավորվածությունը պահպանվի»,- ասաց նա:
Tert.am-ի հարցին՝ Փաշինյանն ու Ալիևը ևս պատրաստակամություն են հայտնել հանդիպելու, այս պայմաններում հետագա բանակցությունների մասին հնարավո՞ր է խոսել, եթե Ադրբեջանը շարունակում է հանդես գալ մաքսիմալիստական պահանջներով, Մարուքյանն ասաց. «Քանի դեռ ռազմական գործողությունները հումանիտար զինադադարի ձևաչափով չեն դադարել, չեմ կարծում՝ կարող է լինել Փաշինյան-Ալիև հանդիպում»:










