Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց մարտական գործողությունների քարտեզը (տեսանյութ)
Մարտունու շրջանի Շեխեր, Ջիվանի, Դրախտիկ գյուղերի հատվածում վերջին 2-3 օրերի ընթացքում ընթանում են դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները, այդ աշխատանքները շարունակվում են մինչ այսօր, մինչ այս րոպեն։ Այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով մարտական գործողությունների քարտեզը։
«Հարար, Աղավնատուն, Հին Թաղեր բնակավայրերի մոտ մի քանի օր առաջ առավելագույն հարձակողական պոտենցիալի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը ձգտել էին հասնել Բերձոր և հետ են մղվել այս ուղղություններից»,- հայտնեց նա։
Ակտիվ մարտական գործողությունները այս պահին շարունակվում են վերը նշված ուղղություններից ավելի հարավ՝ Իշխանաձորի հատվածում։ Այստեղ հիմնականում օջախային մարտեր են։
«Կովսականը մաքսիմում ուղենիշային բնագիծն է, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը փորձել էին դուրս գալ մինչև ՀՀ սահման, որտեղ այս պահին էլ շարունակվում են ընդհանուր մարտական գործողությունները»,- ասաց նա։
Ըստ նրա՝ Արցախի հյուսիսում Ադրբեջանի վերահսկողության տակ է գտնվում միայն Թալիշ գյուղը։
«Քարտեզը փոփոխական է, որովհետև ինչպես նշել եմ, մարտական գործողությունները նախ օջախային են, երկրորդ՝ դրանք արագ փոփոխվում են։ Շատ տեղերում կարող է հայտնվել մի փոքր հետախուզադիվերսիոն խումբ կամ ինչ-որ գրոհիչ հրոսակախումբ՝ զրահատեխնիկայով կամ թեթև տեխնիկայով, որը կարողանա առաջ գնալ, դա անմիջապես Ադրբեջանի զինված ուժերի կողմից ներկայացվի որպես հաղթանակ, հաջողություն և մի քանի ժամ հետո հետ շպրտվի»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։











