Իսահակը հաճախ էր ասում՝«Ամեն մարդ իր հայրենիքի համար պետք է հերոս լինի»․ զոհված զինծառայողի մայրը հիշում է որդու խոսքերը

22:08 • 26.10.20

Արցախում հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զոհված Իսահակ Ղարիբյանը ծնվել է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում, թեև արմատներով բանաստեղծ Վահան Տերյանի ծննդավայր՝ Ջավախքի Նինոծմինդա շրջանի Գանձա գյուղից  էր:

19-ամյա Իսահակը սովորում էր Պոլիտեխնիկական համալսարանի տնտեսագիտական բաժնում, իսկ պատերազմի մեկնարկին արդեն 9 ամսվա ժամկետային զինծառայող էր։ Tert.am-ի հետ զրույցում հերոսի մայրը՝ Վարսենիկ Ղարիբյանը պատմում է՝ որդու հետ խոսել է դեպքից մեկ օր առաջ․ չի տրտնջացել, ասել է՝ ամեն ինչ լավ է, ինքը դիրքերում չի ծառայում:

«20 օր պատերազմի մեջ է եղել, սակայն երբեք չի տրտնջացել, բնավորությամբ շատ խորաթափանց էր: Ինքը ծնվել էր որպես հերոս, նույնիսկ դպրոցի ավարտական երեկոյին հայրենասիրական երգ երգեց: Հաճախ ասում էր՝ խոնարհվում եմ իմ հայրենիքի ու ժողովրդի առաջ, ամեն մարդ իր հայրենիքի համար պետք է հերոս լինի»:

Իսահակը տան փոքր երեխան էր, ընտանիքում իր հետ մեծանում էին 2 մեծ քույրերն ու եղբայրը։ Սիրում էր զբաղվել ըմբշամարտով, սպորտում հասցրել էր մեծ հաջողություններ գրանցել:

Մորեղբոր տղան՝ Գրիգոր Բադալյանը պատմում է, որ Իսահակը համեստ անձնավորություն էր, իրենից շատ բան կարելի էր սովորել. «Շատ ընկերասեր էր, և այդ սերը փոխադարձ էր։ Հիմա երևում է իր ընկերների սերն իր հանդեպ: Մեր ընտանիքը մեծ է, շատ քույրեր ու եղբայրներ ունենք, և Իսահակը բոլորի հանդեպ առանձնահատուկ վերաբերունք ուներ: Միշտ նշում ենք, որ իր ապրած կարճ կյանքը առաքելություն էր, նա սովորեցրեց բոլորիս, որ մարդը պետք է մտածի բոլորի մասին, ապա՝ իր մասին, ինչպես ինքը արեց: Նա այդ տեսակն էր, մտածում ու ցավում էր բոլորի համար»,- նշեց եղբայրը և հավելեց՝ Իսահակը ցանկանում էր զորացրվելուց հետո շարունակել ուսումն ու շնողների համար անհոգ կյանք ապահովել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 26-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 974 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։