«Շատ եմ ուզում ապրել, բայց որ չապրեմ էլ՝ իմացիր, որ ախպերդ դուխը չի գցել. մինչև վերջ պայքարել է». բժիշկ Վահե Մելիքսեթյանը զոհվել է կյանքեր փրկելիս (տեսանյութ)

22:43 • 26.10.20

Դեղագետ Վահե Մելիքսեթյանը սեպտեմբերի 27-ին վրա հասած պատերազմի օրերին ձեռքին և զենք է վերցրել, և վիրաբուժական գործիքներ: Ռազմական գործողությունների հաջորդ օրը բարձրացել է դիրքեր, գտել վիրավորների, տեղում առաջին օգնություն ցուցաբերել, հասցրել բուժկետ: Մոր՝ Ռիմա Դարբինյանի խոսքով, նրան հաջողվել է փրկել 30-ից ավելի զինծառայողի կյանք:

Բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոսն արդեն 2 տարի ծառայության էր անցել զինված ուժերում ու մինչև վերջ հավատարիմ մնացել թե՛ զինվորական, թե՚՛ Հիպոկրատի երդմանը:

Վահեն ցանկանում էր Հայաստանում ներդնել կլինիկական դեղագետի մասնագիտությունը, որը հիվանդին նշանակում է դեղ, ստուգում դրա ազդեցությունը նրա օրգանիզմում, վերլուծում կողմնակի էֆեկտները: Վերապատրաստում էր անցել Իտալիայի Կամերինո համալսարանում: Նա ընկերների հետ հիմնել էր Կլինիկական դեղագիտության հայկական միությունը. ինքն էլ նախագահում էր:

Ընտանիքին տեղեկացրել են, որ Վահեն հոգեբանական ծանր վիճակում է եղել՝ ինքն իրեն է մեղադրել, որ չի կարողացել փրկել կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ստացած հրամանատարին: Ծառայակից ընկերները պատմել են նաև, որ մինչև օգնության կհասնեին, ինչ-որ պահի մարտը վարելու պարտականությունը բժիշկն իր ուսերի վրա է վերցրել:

Վահեի եղբայրը՝ Սարգիս Մելիքսեթյանն ավագ եղբոր կարգավիճակով խնդրել է Վահեին դիրքերից վերադառնալ բուժկետ, բժիշկը պատասխանել է. «Շատ եմ ուզում ապրել, բայց որ չապրեմ էլ՝ իմացիր, որ ախպերդ դուխը չի գցել. մինչև վերջ պայքարել է: Տղերքին չեմ թողնի: Չեմ կարող ապրել վախկոտի պես: Համ էլ դեռ դիրքը պահելու ու համախմբվելու հույս կա: Չպիտի կոտրվենք»:

Մանրամասները՝ տեսանյութում։