Մեր հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը շարունակում է ապշեցնել իր բացառիկ տեսակով, նա իր անձնական ավտոմեքենան նվիրում է բանակին․ Արծրուն Հովհաննիսյան (լուսանկարներ)

13:41 • 27.10.20

Մեր հերոս Հովհաննիսյան Ալբերտի հայրը՝ Արտակը, շարունակում է բոլորիս ապշեցնել իր բացառիկ տեսակով։ Սա իր անձնական մեքենան է, որը ինքը նվիրում է բանակին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Խոնարհումս հերոսի հայր, բացառիկ հայորդի»,-գրել է նա և կից ներկայացրել ավտոմեքենայի լուսանկարները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 26-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 1009 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։