Կանադայի ԱԳ նախարարը Մակրոնի նկատմամբ Էրդողանի պահվածքն «անընդունելի» է որակել

11:42 • 27.10.20

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորանքները՝ իր համերաշխությունը հայտնելով Ֆրանսիայի ժողովրդին։

«Մենք համերաշխ ենք մեր ֆրանսիացի բարեկամներին։ Ֆրանսիայի վերաբերյալ Թուրքիայի վերջին մեկնաբանությունները բացարձակապես անընդունելի են։ Մենք պետք է վերադառնանք հարգանքի վրա հիմնված դիվանագիտական կարծիքների փոխանակմանը։ Մենք միշտ պաշտպանելու ենք հարգանքով արտահայտվելու ազատությունը»,- Twitter-ի էջում գրել է Շամպանը։

Հիշեցնենք, որ օրերս Էրդողանը քննադատել էր Մակրոնին Ֆրանսիայի մահմեդական փոքրամասնության նկատմամբ վարած քաղաքականության առնչությամբ՝ ասելով, թե Մակրոնը «պետք է ստուգի հոգեկան վիճակը»։ Դրանից հետո Ֆրանսիան որոշել էր խորհրդակցությունների համար հետ կանչել Անկարայում իր դեսպանին: