Իրանը Մակրոնի՝ իսլամի մասին մեկնաբանություններից հետո ԱԳՆ է կանչել Ֆրանսիայի դեսպանորդին

15:28 • 27.10.20

Իրանի ԱԳՆ-ն ի նշան հակաիսլամական դիրքորոշումներ ունենալու ֆրանսիացի պաշտոնյաների «հաստատակամության» դեմ բողոքի՝ նախարարություն է կանչել Թեհրանում Ֆրանսիայի դեսպանի ժամանակավոր հավատարմատարին, գրում է Tasnim News Agency-ն։

Արտաքին գործերի նախարարությունը հավատարմատար Ֆլորան Այդալոտին կանչել է, որպեսզի իր մտահոգությունը հայտնի «Փարիզի պաշտոնատար անձանց կողմից ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթում Մուհամեդ մարգարեի անպարկեշտ ծաղրանկարների հրապարակմանը օժանդակելու կապակցությամբ»:

Այդալոտի հետ հանդիպման ժամանակ Իրանի ԱԳՆ-ի Եվրոպական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալը դատապարտել է ֆրանսիական իշխանությունների անընդունելի գործողությունները, որոնք վիրավորում են միլիոնավոր մահմեդականների զգացմունքները Եվրոպայում և աշխարհի այլ մասերում, գրում է գործակալութունը։

«Իսլամատյացության բոցավառումը և ատելության բորբոքումը խորը ափսոսանք է առաջացնում հատկապես, երբ այն իրականացվում է խոսքի ազատության անվան տակ, որը պետք է ծառայի մարդկային հասարակությունների միջև ըմբռնմանը, կարեկցանքին և խաղաղ գոյակցությանը»,- գործակալությունը մեջբերում է իրանցի դիվանագետի խոսքը։

Ֆրանսիացի դիվանագետն իր հերթին խոստացել է իր երկրի համապատասխան իշխանություններին տեղեկացնել Իրանի դժգոհության մասին։

Օրերս Մակրոնը խոստացել էր պայքարել իսլամիստական անջատողականության դեմ, որը նրա կարծիքով՝ տարածվում է Ֆրանսիայի մուսուլմանական որոշ համայնքներում։ Մակրոնի այս հայտարարությանը նախորդել էր իսլամիստ ծայրահեղականի կողմից Ֆրանսիայում պատմության ուսուցչի գլխատումը։ Աշակերտն ուսուցչին գլխատել էր,ք անի որ վերջինս Մոհամեդ մարգարեի ծաղրանկարներն են ցույց տվել: