Սփյուռքի մեր ազդեցիկ հայրենակիցները պետք է Արցախի հատուկ լիազորություններով դեսպանի կարգավիճակով աշխարհին ներկայացնեն Արցախի ձայնը․ Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Ժամանակն է, որ Սփյուռքի մեր ազդեցիկ հայրենակիցները՝ որպես Արցախի հատուկ լիազորություններով դեսպաններ, աշխարհին ներկայացնեն Արցախի ձայնն ու ագրեսիայից պաշտպանվելու իրավունքը։ Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հատուկ թողարկման ընթացքում ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
«Հրադադարի ռեժիմը նորից չպահպանվեց՝ անկախ անգամ նրանից, որ Թրամփը կարող է հայտարարել, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, ինչը նույնիսկ ծիծաղելի է»,- ասել է նա։
Այս պահի դրությամբ վերլուծաբանը երկու կարևոր դրույթ է առանձնացրել, որոնց ուղղությամբ պետք է կենտրոնանան Հայաստանի և Արցախի դիվանագիտական ջանքերը։
«Հայաստանի Հանրապետության մասով ժամանակն է, ժամանակն է, ժամանակն է բանակցողների հստակ թիմերով, հատուկ լիազորություններով աշխատելու հիմնական գործընկերների հետ՝ արագ արդյունքի հասնելու վրա։ Հիմնվելով առանձին երկրների հետ մեր երկկողմ հարաբերությունների վրա և օգտագործելով սփյուռքի համայնքային հնարավորությունները՝ անհրաժեշտ է հետապնդել մեկ խնդիր՝ հասնել Արցախի անկախության ճանաչմանը»,- ասել է Բեքարյանը՝ հավելելով, որ ՌԴ հետ օրակարգը շատ ավելի լայն է։
Զուգահեռ, նա անհրաժեշտ է համարում սփյուռքի ներուժն օգտագործել՝ Արցախի ձայնն աշխարհին, երկրների ղեկավարներին և որոշում ընդունողներին լսելի դարձնելու համար։
«Պահն է, որ աշխարհի տարբեր երկրներում մեր հայրենակիցները, որոնց դերն ու կշիռը թույլ է տալիս անմիջական երկխոսություն ունենալ երկրների ղեկավարների, որոշում ընդունողների հետ, դառնան մաս Արցախի դիվանագիտական ծառայության, ունենան հատուկ լիազորություններով դեսպանի կարգավիճակ և փորձեն այդ կարգավիճակով Արցախի ձայնը, Արցախի ակնկալիքը և, վերջիվերջո, ագրեսիայից պաշտպանվելու Արցախի իրավունքը ներկայացնել աշխարհին ամենաբարձր հարթակներում և մակարդակով»,- նշել է վերլուծաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










