Որոտանի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա. հակառակորդը նաև փորձել է Բերձորի ուղղությամբ հարձակում իրականացնել. ոտնձգությունները հետ են մղվել. Ա. Հովհաննիսյան (տեսանյութ)
Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մարտական գործողությունները եղել են ինչպես հյուսիսային ուղղությամբ՝ համեմատաբար ավելի թեթև լարվածության, նույն ժամանակ՝ շարունակվել են մի շարք գյուղերի ուղղությամբ»,-ասաց Հովհաննիսյանը՝ ներկայացնելով քարտեզը:
«Ըստ էության՝ Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա: Այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև հարավային ուղղությամբ մոտենալ դեպի ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել, և կիրառելով հրետանի և անօդաչու թռչող սարքեր՝ հաջողության չեն հասել»,-ասաց նա:
Վերջինիս տեղեկացմամբ՝ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է մի քանի գյուղերի ուղղությամբ՝ հիմնականում բնակավայրերին մոտիկ անտառներում և այլն: «Որպես կանոն՝ փոքր խմբեր են մոտենում, որոնք իրենց հետ բերում են թեթևազեն սպառազինություն, և մեր ստորաբաժանումների հարվածներից հետո նահանջում են, փախչում են, անտառներով և լեռներով փորձում են այլ ուղղություններ զարգացնել, և այս ուղղությամբ կարծես 24-ժամյա ռիթմով մարտական գործողությունները ոչ մեծ լարվածությամբ շարունակվում են»,-ասաց նա:
Ըստ Հովհաննիսյանի՝ քարտեզից տեսանելի է, որ դաշտավայրում որոշակի հաջողություն ունենալուց հետո՝ Ադրբեջանի զինված ուժերը, որոնց միացած են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հրոսակախմբերը և այլոք, փորձում են զարգացում ապահովել նաև բարդ անտառալեռնային տեղանքում, որտեղ դա այնքան էլ հեշտ չի հաջողվում, և մարտավարական առումով ընթանում է ավելի դժվար ու բարդ պայքար:
Դիտարկմանը, թե այսօր WarGonzo-ի թելեգրամյան ալիքը տեղեկություն է տարածել, որ Թուրքիայի հատուկ ջոկատայիննները տեղակայվել են ՀՀ-ի հետ սահմաին, իսկ Հովհաննիսյանը երեկ գրառում է կատարել, որ հայ զինվորն ու գեներալը փախուստի են մատնել աշխարհի հզորներց համարվող հատուկջոկատայիններին, և հարցին՝ որքանո՞վ այս երկու իրադարձություներն իրար հետ կապ ունեն, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց.
«Ես այս պահին չեմ կարող հաստատել, թե կոնկրետ որ պետության հատուկջոկատայինները որ պահին որտեղ են գտնվում, բայց որ նրանք կան Ադրբեջանի զինված ուժերում, և վերջիններս ամեն կերպ ունեն Թուրքիայի զինված ուժերի աջակցությունը ամենատարբեր տեխնիկական, մասնագիտական և զորքի առումով, դա փաստ է»,-ասաց նա:
Հովհաննիսյանը նաև հայտարարեց՝ պատերազմն իր բնույթը որոշակի փոխել է, մեր զինված ուժերը այն նույն ուժգնությամբ, բարդությամբ ու արագությամբ մարտեր չեն վարում, բայց վարում են բարդ մարտեր լեռներում, անտառներում, կիրճերում: «Հակառակորդը տաբեր հանգամանքների բերումով այլևս կորցրել է իր ահռելի քանակական, տեխնոլոգիական առավելությունը»,-նշեց նա՝ հավելելով, թե դինամիկ զարգացումների տեղեկութունները չեն կարող մշտապես հայտնել, որովհետև պատերազմը չի զարգանում նույն դինամիկայով:










