Չգիտեմ՝ ինչ փոխզիջումների, կապիտուլյացիոն երևույթների մասին է խոսքը, նոր եմ վերադառնում դիրքերից, կան որոշակի խնդիրներ, բայց դրանք լուծելի են, զինվորականությունը պատրաստակամ է. Տ. Սիմոնյան

13:54 • 27.10.20

Հակառակորդը դուրս է եկել պատերազմական բոլոր կանոնների սահմաններից և հանցագործությունների շարք է սկսել, հենց առաջին իսկ ագրեսիայի ակտը հանցագործություն էր, դրան հաջորդեցին պատերազմական գործողությունները, ռազմագերիների հետ վարվելակերպի կանոնների խախտումները, գլխատումները, քաղաքացիական բնակչության նկատմամբ հարձակումները և այլն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով թշնամու գործողություններին:

Նա նշեց, որ այդ հանցագործություններն այնքան շատ են, որ իրենք՝ փաստահավաք խմբով, երբ հավաքում են, դրանց պակասը չեն զգում և միջազգային գործընկերներին այդ ամենն ամբողջությամբ ներկայացնում են: «Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ մեր բանակի բարոյահոգեբանական վիճակը շատ բարձր է, ես անձամբ նոր եմ վերադարձել դիրքերից և մեկ-երկու օր մնացել եմ մեր զինվորների հետ. բավական լավ տրամադրություն ունեն, հաղթական ոգին թևածում է: Այո, մարտավարական տեսանկյունից որոշակի տակտիկական նահանջներ կատարվել են, որոշակի դիրքեր բաց են թողնվել՝ զուտ մարդկային կորուստներից խուսափելու համար, բայց զինվորները գիտեն, որ այդ դիրքերը որոշ ժամանակ հետո իրենք էլի պետք է զբաղեցնեն, որովհետև այլ տարբերակ չունենք, քան հաղթանակը այս պատերազմում, որովհետև թիկունքում զիջելու ոչինչ չունենք»,- ասաց նա:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի, ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը, եթե իշխանությունները բազմիցս ասում էին՝ համաձայն չեն նրա հետ, ինչ կա բանակցային սեղանին, պատգամավորն արձագանքեց. «Ես չգիտեմ՝ ինչ փոխզիջումների մասին է խոսքը, լավ կլինի վարչապետին հարցնեք, նա է այդ խոսքերի հեղինակը: Ես չեմ կարծում, թե այստեղ ենթադրյալ ցավոտ կամ կապիտուլյացիոն երևույթների մասին է խոսքը, որովհետև նորից եմ կրկնում, նոր եմ վերադարձել առաջնագծից և այն միջավայրը, որ տիրում է, բավականին մարտական է, և օր առաջ խնդիրը լուծելու պատրաստակամություն է հայտնում ամբողջ զինվորականությունը: Այո, կան որոշակի խնդիրներ, որոնք լուծման ենթակա են, բոլոր պատերազմներում էլ լինում են խնդիրներ, պետք չէ մեկ-երկու խնդիրներից այդպես հուսահատվել ու հուսալքվել: Այդ խնդիրները մեր առջև կանգնում են նրա համար, որ մենք կարողանանք գնահատել և արժևորել մեր թերությունները, վերացնենք այդ թերությունները և նոր ուժերով նետվենք մարտի՝ խնդիրը լուծելու»:

Ինչ վերաբերում է հումանիտար հրադադարի երրորդ ձախողված փորձին, Սիմոնյանն ընդգծեց, որ ակնկալիք չուներ էլ, որ այս հրադադարը կպահպանվեր հակառակորդի կողմից: «Որովհետև որոշակի դիրքեր զբաղեցնելով՝ համը բերանն է ընկել և չի սպասելու, որ հրադադարի միջոցով խնդիրը լուծվի, նա ուզենալու է էլ ավելի շատ տարածքներ իր ձեռքում կենտրոնացնել, բայց մեր բանակը պատրաստ է այդ տարածքների մարտավարական նահանջները փոխարինել արդեն մարտավարական ազատագրումներով: Ես վստահ եմ, որ առաջիկա օրերին կունենանք այդպիսի դեպքեր»,- շեշտեց նա:

Տարոն Սիմոնյանը նշեց, որ երբ ինքը խոսում է այստեղի մեր հայրենակիցների հետ, հետո գնում ու խոսում է սահմանին կանգնած հայրենակիցների հետ, էականորեն տարբերությունը զգացվում է: «Այստեղ ավելի շատ են մարդիկ կաշկանդվում, քան այնտեղ նրանք, որոնք անմիջական մասնակցում են այդ ռազմական գործողություններին և որոնք ապրում են այդ ռազմական գործողությունների թատերաբեմում: Նրանց համար դա սովորական է եղել, այդ մարդիկ 30 տարի ապրել են այդ վիճակում և բնականաբար ասում են՝ այսօր հարված լինի, վաղը մենք կհարվածենք, և խնդիրը կլուծվի: Դրա համար է, որ ես չեմ ուզում իրավիճակին դատենք Երևանում, կամ ռազմական թատերաբեմից հեռու գտնվող ինչ-որ մի բնակավայրում գտնվելով, պետք է տեղում ծանոթանանք իրավիճակին»,- նշեց նա և հավելեց, որ տեղում, այո, խնդիրներ կան, և այդ խնդիրները քիչ չեն, բայց այդ խնդիրների լուծումներն էլ առկա են, և կամքը՝ այդ խնդիրների լուծման, ավելի բարձր է, քան թիկունքում կանգնած որոշ մարդկանց հուսահատ ելույթները, գրառումները և այլն:

«Հուսահատության որևէ առիթ չկա, մենք իրավունք էլ չունենք որևէ հուսահատություն դրսևորենք, որովհետև մենք ունենք հաղթական բանակ, մեր 18-20 տարեկան զինվորները հրաշագործություններ են կատարում ռազմի դաշտում, և շատ զինվորականներ օրինակ են վերցնում մեր 18 տարեկան զինվորների սխրանքներից, զինվորականներ, որոնք 20 տարվա փորձ ունեն, նրանք իրենք են զարմանում, թե ոնց կարող է 7-8 ամսվա զինվորականը նման գործողություններ կատարել»,- ընդգծեց Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: