Ապրիլյան պատերազմ, խաղաղապահ զորքերի հետ Աֆղանստան ու էլի Արցախ, որ Դերենիկի վերջին պատերազմը դարձավ (տեսանյութ)
2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Դերենիկ Խաչատրյանը խոստացել էր, որ անհրաժեշտության դեպքում կրկին կմեկնի սահման: Խոստացածի պես եկավ, կռվեց ու գնաց հավերժության ճանապարհով: Սա 24-ամյա տղայի վերջին պատերազմն էր:
«Գնալուց առաջ ասաց՝ ոնց բոլորը, այնպես էլ ես: Ես պիտի գնամ, ու պիտի հաղթեմ: Իմ տղան գնաց այդ ճանապարհով»,– պատմում է Դերենիկի մայրը:
Դերենիկը ժամկետային ծառայությունից ու քառօրյա պատերազմից հետո որոշել էր, որ պիտի շարունակի ծառայությունը: Միացել է խաղաղապահ զորքերին, մեկնել Ռուսաստան՝ ծառայության, ապա՝ Գերմանիա, նաև Աֆղանստան: Վերջին կայարանը հայրենիքն էր:
«Տղաս հերոս չի ծնվել, հերոս է դարձել: Ու հերոս է դարձել՝ հանուն հայրենիքի, հանուն մեզ: Հերոս ծնվել էր, հերոս էլ զոհվեց», - պատմում է Դերենիկի մայրը:
Զինվորական պայուսակի վրա Դերենիկն անվան փոխարեն մականունն էր գրել՝ Կյաժ: Դեռ մանկուց ճարպիկ ու աշխույժ տղան ապրում էր թիթեռի նման: Մայրն ասում է՝ թիթեռի նման էլ մի վայրկյանում թռավ իր ձեռքից:
Պատերազմի ընթացքում ճակատում են եղել նաև Դերենիկի հայրն ու փոքր եղբայրը, բայց իրար այդպես էլ չեն հանդիպել: Դերենիկն Աֆղանստան գնալուց առաջ էլ մորը խոստացել էր՝ գալու է ու կյանքի կոչի ամենակարևոր նպատակը: Դերենիկի կյանքի թելը կտրվեց դեպի երազանք իր ճանապարհին: Հենց այդտեղից ծնողները փորձում են երազանքի թելը նորից կապել:
«Մենք տուն չունենք: Ասում էր՝ Աֆղանստանից գամ, տուն առնենք, որ քեզ մեր նոր տան մեջ տեսնեմ: Երազանքն այդպես էլ անկատար մնաց: Հիմա մենք ուզում ենք իրականացնել իր երազանքը, որ տեսնի, ուրախանա», - պատմում է Դերենիկի մայրը:
Դերենիկը մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Սիրում էր կյանքն ու ապրում՝ սիրելով: Բայց կյանքից առավել հայրենիքն էր ու հետագա սերունդների խաղաղ ապագան:
Դերենիկի փոքր եղբայրը հիմա էլ առաջնագծում է: Պայմանագրային զինծառայող է: Մայրն ասում է՝ երկու հերոս ունի, երկուսով էլ հպարտանում է: Հայրն էլ ասում է՝ որդիներն իրենք են ընտրել այդ ճանապարհը:
Դերենիկն իր ապագան նվիրեց գալիք սերունդներին: Ոսկեհեր տղան գնաց ու իր հետևից ոսկեգույն հետագիծ թողեց՝ որպես հավերժության խորհրդանիշ:
Մանրամասները՝ տեսանյութում










