ՀՀ-ում 3-րդ եռամսյակում արձանագրվել է տնտեսական ակտիվության 7.5 տոկոս նվազում, ինչը արտահայտվել է ծառայությունների ոլորտի զգալի կրճատմամբ. Մարտին Գալստյան (տեսանյութ)
ՀՀ-ում 3-րդ եռամսյակում արձանագրվել է տնտեսական ակտիվության 7.5 տոկոս նվազում, ինչը արտահայտվել է ծառայությունների ոլորտի զգալի կրճատմամբ. Մարտին Գալստյան
2020 թվականի հոկտեմբերի 27-ի նիստում կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 4. 25 տոկոսի մակարդակի վրա։ Այս մասին այսօր Կենտրոնական բանկի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ Կենտրոնակն բանկի ղեկավար Մարտին Գալստյանը:
«2020 թվականի սեպտեմբերին արձանագրվել է 0.2 տոկոս գնանկում, նախորդ տարվա նույն ամսվա 0,2 տոկոս գնաճի դիմաց, որի պարագայում 12 ամսվա գնաճը կազմել է 1,4 տոկոս: Չնայած երրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում արձանագրված որոշակի դրական զարգացումներին, գնահատվում է, որ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին պայմանավորված կորոնավիրուսի համավարակի նոր թափով տարածման և դրանով ածանցվող բարձր անորոշությունների պարագայում համաշխարհային պահանջարկի և տնտեսական ակտիվության վերականգնումը որոշակի կհետաձգվի»,- նշեց նախագահը:
Մարտին Գալստյանը ընդգծեց, որ միևնույն ժամանակ ապրանքահումքային շուկաներում պահպանվում է թույլ գնաճային միջավայր, նման իրավիճակում ՀՀ-ը գործընկեր երկրների կենտրոնական բանկերը շարունակում են իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն:
«Երրորդ եռամսյակում ՀՀ-ում պահպանվել է ցածր տնտեսական ակտիվութունը․ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ արձանագրվել է տնտեսական ակտիվության 7.5 տոկոս նվազում, ինչը արտահայտվել է ծառայությունների ոլորտի զգալի կրճատմամբ: Չնայած հարկաբյուջետային խթանող քաղաքականությանը՝ ներքին պահանջարկը սպասվածից որոշակի թույլ է եղել: Սեպտեմբերի 27-ին պատերազմը և հոկտեմբեր ամսվա առաջին կեսին կորոնավիրուսի տարածումը ձևավորել են բացասական միջավայր»:
Նա ընդգծեց, որ դրամի կայունության հետ կապված կենտրոնական բանկի հիմնական թիրախը գների և ֆինանսական կայունությունն է. «Այս պահին կենտորոնական բանկը չի տեսնում շուկայում միջամտելու նպատակահարմարությունը, որովհետև այն զարգացումներն, որոնք կան՝ մի քիչ բարձրացում, մի քիչ իջեցում, մեր գնահատականով բնականոն են, ուստի ԿԲ-ի կողմից այլ միջամտության կարիք չկա»։
Հարցին, թե դոլար-դրամի փոխարժեքը ի՞նչ շեմի պետք է հասնի, որ ԿԲ-ն որոշի միջամտել, Մարտին Գալստյանը պատասխանեց. «Որևէ թիրախային ցուցանիշ փոխարժեքի մասով մենք չունենք և չեն ունեցել: Չկա մի մակարդակ, որ ես ասեմ, օրինակ, եթե դրամը լինի 720 դրամ, ապա Կենտրոնական բանկը միջամտելու է արտարժութային շուկայում տեղի ունեցող գործընթացին: Մենք հեռևում ենք գնաճի ցուցանիշին և այն զոնան, որ կա, մեր կողմից գտնվում է կառավարելի միջակայքում, այդ առումով հանգիստ ենք»:
Կենտրոնական բանկի նախագահը նկատեց, որ բանկային համակարգում առկա է խնայողությունների որոշակի նվազում, մարդիկ և կազմակերպությունները որոշակի չափով նվազեցրել են իրենց խնայողությունները, բայց դա ընդհանուր ավանդների 1 տոկոսը չի գերազանցում. «Պետք է դիտարկել խնդիրը հետևյալ տեսանկյունից, որ ոչ թե ավանդները դուրս են եկել բանկային համակարգից, որովհետև ունենք խնդիրներ, այլ դա տեղի է ունեցել՝ պայմանավորված կորոնավիրուսի իրավիճակով, առաջնագիծ գնացող հայրենակիցները գումարը հանում են կանխիկի տեսքով թողնում են տանը, որպեսզի տան անդամները ունենան խնայողական միջոցներ՝ քարտային խնդիրներից զերծ մնալու տեսանկյունից: Մի մասն էլ խզել են իրենց ավանդը և փոխանցել բարեգործական նպատակով»:










