Վրաստանի ՆԳՆ-ն բացահայտել է Զուգդիդիում բանկի վրա հարձակում գործած անձի ինքնությունը
Վրաստանի ՆԳՆ-ն հաստատում է, որ Զուգդիդի քաղաքում Վրաստանի բանկի մասնաճյուղում պատանդներ վերցրած հանցագործը Բադրի Եսեբուան է՝ 1988թ. ծնված: Այս մասին հայտնել է նախարարության ներկայացուցիչը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չնայած ՆԳՆ կոչերին՝ որոշ ԶԼՄ-ներ տեղեկություն են տարածել ինքնությունը հաստատված անձի մասին: Համալիր օպերատիվ-հետաքննչական աշխատաքների արդյունքում հաստատվել է, որ հարձակում իրականացնողը Բադրի Եսեբուան է՝ 1988թ. ծնված: Նրա գտնվելու վայրը պարզելու նպատակով ոստիկանությունը ակտիվորեն շարունակում է հատուկ օպերատիվ և քննչական միջոցառումները»,- հայտնել է նախարարության ներկայացուցիչը:
Զինված հանցագործը չորեքշաբթի ներխուժել էր բանկ և պանադներ վերցրել՝ պահանջելով 500.000 դոլար: Հատուկ գործողությունը տևել է մի ամբողջ օր: ՆԳՆ-ն ավելի ուշ հայտնել էր, որ ազատ են արձակվել 43 պատանդներ, որոնց հանցագործը ժամանակ առ ժամանակ դուրս է թողել՝ փոխարենը պատանդ վերցնելով ՆԳՆ պաշտոնյայի:
Նրա և 3 այլ պատանդների հետ հանցագործը լքել էր բանկը ոստիկանական մեքենայով: Առավոտյան հայտնի էր դարձել, որ պատանդներն ազատվել են, իսկ հանցագործը փախուստի է դիմել:










