Հունաստանում բնակվող հայերն ու անգամ հույները պատրաստ են մեկնել Արցախ՝ պայքարելու ռազմաճակատում. Հունաստանի «Հայ դատի» հանձնախումբ

20:42 • 27.10.20

Հունաստանի «Հայ դատի» հանձնախմբի անդամ Հովիկ Ղասաբյանը հայտնել է, որ Հունաստանում բնկավող հայերը պատրաստակամություն են հայտնել մեկնելու Արցախ և կռվելու ռազմաճակատում, եթե դրա անհրաժեշտությունը լինի, կամ որևէ այլ աշխատանք անել:

Ինչպես հայտնում է Greek City Times-ը, Ղասաբյանը հունական պարբերականների հետ զրույցում հայտնել է, որ հայերին աջակցություն տրամադրելու ցանկություն են հայտնում նաև հույները: Նրանք առաջարկում են օգնել դեղամիջոցներով կամ գումարով: Ոմանք էլ նույնիսկ պատրաստ են մեկնել հայերի հետ և կռվել նրանց կողքին:

Արցախ մեկնելու պատրաստ մարդկանց թիվը հասել է 70-ի: Նրանց անունները, որոնց թվում նաև կանայք կան, ուղարկվել են Հունաստանում ՀՀ դեսպանատուն, որտեղ էլ կորոշեն, թե ինչ առաքելությամբ հանդես կգան կամավորները:

«Հուսով եմ, որ հայոց բանակն իր առաքելությունը կկատարի և պատերազմը կավարտվի հենց հիմա: Բոլոր նրանք, ովքեր ցուցակագրվել են, հստակ ցանկություն են հայտնել մեկնելու հայրենիք: Խոսքը միայն ռազմաճակատի մարտերի մասին չէ: Կան օժանդակ աշխատանքներ, որոնք նույնպես պետք է արվեն»,- ասել է Ղասաբյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 26-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 1009 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։