Թեհրանի նախաձեռնությունը. Իրանի փոխարտգործնախարարը ԼՂ հարցով կայցելի Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա

15:39 • 27.10.20

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին փոխարտգործնախարար Աբաս Արաղչին կայցելի Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա՝ նպատակ ունենալով  առաջ տանել Թեհրանի՝ ԼՂ հակամարտության լուծման վերաբերյալ նախաձեռնությունը:

Ինչպես հաղորդում է en.irna.ir-ը,  այսօր առավոտյան պաշտոնյան ժամանել է  երկրի հյուսիսարևմտյան Արդեբիլ նահանգ, որպեսզի ուսումնասիրի հայ-ադրբեջանական հակամարտության գոտուն մոտ գտնվող տարածքները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 26-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 1009 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։