«Միութենական պետության արևմտյան սահմաններին շարունակում է պահպանվել անհանգիստ իրավիճակ». Շոյգու
Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը շարունակում է անհանգիստ մնալ: Այս մասին Ռուսաստանի և Բելառուսի ռազմական գերատեսչությունների համատեղ խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է EAdaily-ն:
«Անհանգիստ իրավիճակը շարունակում է պահպանվել Միութենական պետության արևմտյան սահմաններին, որտեղ ՆԱՏՕ-ն շարունակում է ամրապնդել իր ներկայությունը: Տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում, ինչպես նաև նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպքում՝ նախևառաջ միջազգային ահաբեկչության կողմից, ՌԴ Պաշտպանության նախարարությունը Միութենական պետության ռազմական անվտանգության ապահովումը դիտարկում է իր առաջնային խնդիրների շարքում»,- ասել է նախարարը:
Շոյգուի խոսքով՝ ՆԱՏՕ-ն Միութենական պետության սահմանների մոտ կատարելագործում է ռազմական ենթակառուցվածքը, պահեստավորում է նյութատեխնիկական միջոցները, զենքերը և ռազմական տեխնիկան: Ընդ որում, նա նշել է, որ ամերիկյան հակահրթիռային պաշտպանության հատվածն ուժեղանում է, նրա արձակողական համակարգերը կարող են օգտագործվել նաև հարվածային զենքի համար:
«Չնայած համավարակին՝ չի նվազում զորավարժությունների ինտենսիվությունը»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը:
Իր հերթին Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտնել է, որ հանրապետության հետ սահմանակից երկրներում աճում է ՆԱՏՕ-ի զորավարժությունների քանակը, ավելանում է ԱՄՆ բանակի ներկայությունը:
«Վերջին տարիներին ՆԱՏՕ-ի ռոտացիոն խմբավորումը Բելառուսի հետ հարևան երկրներում աճել է ավելի քան 17 անգամ և հասել է 10 000 զինծառայողի»,- նշել է նա:










