Թուրքիան և Ադրբեջանը իրենց ռազմաքաղաքական, տնտեսական շահերին հասնելու համար ահաբեկչական ուժեր են օգտագործում․ այս երկրների նկատմամբ պետք է կիրառել տնտեսական սանկցիաներ․ ադրբեջանագետ

16:02 • 28.10.20

Հրադադարի խախտման բոլոր դեպքերը հետապնդել են մեկ նպատակ՝ ստանալ որոշակի ժամանակ և օգտագործել դիրքերն ավելի բարելավելու և տակտիկական գործիքներ կիրառելու համար: Նրանք հույս ունեին, որ հայկական կողմից հրադադարը պահպանելու ընթացքում իրենք իրենց  դիվերսիոն խմբերը կներմուծեն Արցախի տարածք, ավելի լավ դիրքերում կտեղավորեն իրենց հրետանին, բնական է, որ այդ գործողությունները պետք է ստանային իրենց պատասխանը. Tert.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:

«Ադրբեջանը ո՛չ պատրաստվել է, ո՛չ պատրաստվելու է հրադադարի, որովհետև նրանք արդեն արյան համը առել են և իրենց զենքն ու ուժը կիրառելու են, որ փորձեն հայկական կողմին ճնշել: «Սմերչ»–ով Շուշիի  և Ստեփանակերտի հրետակոծումը նույն տրամաբանության մեջ է՝ պահել խաղաղ բնակչությանը տեռորի մեջ, մաքսիմալ վնաս հասցնել ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներին, առաջ տանել իրենց ռազմատենչ գործողությունները»,-նկատեց նա:

Դիտարկմանը, թե Ալիևը հայտարարել է, որ ոչ մի ուժ աշխարհում իրենց չի կարող հեռացնել ճիշտ ուղուց և որևէ երկիր չի կարող ազդել իրենց կամքի վրա, սակայն հոկտեմբերի 29-ին Ժնևում կայանալու է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, Ալիևի այս  հայտարարությունից հետո, ի՞նչ կարելի է ակնկալել այս հանդիպումից, Արմինե Ադիբեկյանը նշեց, որ ելնելով դառը փորձից ոչ մի լուրջ ակնկալիք չունի, որովհետև Ադրբեջանը դիվանագիտական լծակներն օգտագործել է մի նպատակով՝ հասցնել միջազգային հանրությանը և հայկական կողմին, որ նա կռվով, արյունով հասնելու է իր նպատակին, որն է՝ զավթել Արցախը, հայաթափել և բնակեցնել ադրբեջանցիներով՝ յուրացնելով պատմամշակութային կոթողները, որով ինքը հարուստ չէ, և դա Ալիևի համար շատ կարևոր հանգամանք է:

Հարցին, թե Ադրբեջանի հասարակությունը ի՞նչ տրամադրվածություն ունի պատերազմի հանդեպ, հաշվի առնելով ահաբեկիչների մուտքը իրենց երկիր, Ադիբեկյանը պատասխանեց, որ Ադրբեջանի բնակչությունը 30 տարի պատրաստվել է այս օրվան, նրանց առաջին դասարանից սերմանալ են, որ Ղարաբաղի հողերը մերն են, հայերը հող, պատմություն չունեցող,  քոչվորներ են, եկել են և մեր տունը մեր ձեռքից խլել են, և գալու է այն օրը, որ մենք մեր հողերը վերադարձնելու ենք:

«Այս գաղափարախոսության ներքո դաստիարակվել են սերունդներ, հիմա այդ երեխաները մեծացել են  և եկել են չակերտավոր ասած՝ արդար պայքարը մղելու և անգամ կասկածի տակ չեն դնում, որ իրանք ինչ-որ բան սխալ են անում: Հանրությունը մեծ ոգևորությամբ է ընդունում այդ ամենը, նրանք անգամ պատրաստ են մեծ թվով զոհերի: Մի քանի տարի առաջ Մեջլիսի պատգամավորներից մեկը ելույթ ունեցավ ասելով՝ եթե անգամ պետք է 10-ից 9-ին զոհաբերենք, որ Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի կազմ, մենք այդ գինը պատրաստ ենք վճարել, ու այդ  գաղափարախոսությունը հիմա ստացել է իր պրակտիկ կիրառումը»,– ասաց նա:

Դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ Ադրբեջանը Թուրքիայի կամակատարը դառնալով վտանգի տակ է դնում իր հանրապետությունը, Ադիբեկյանը նշեց, որ ադրբեջանցիներն ունեն նպատակ, որի համար պատրաստ են զոհաբերել ամեն ինչ՝ սերունդներ, անկախություն, ֆինանսներ, հեղինակություն:

«Ես այդքան էլ վստահ չեմ, որ Ադրբեջանը անկախությունը վտանգված է, մի գուցե ինքը դառնա Թուրքիայի կամակատարը, բայց որպես անկախ պետություն նա շարունակելու է իր գոյությունը, որովհետև Թուրքիային երկու ձայնը ՄԱԿ-ում շատ ավելի ձեռնտու է, քան մեկ ձայնը: Որպես անկախ պետություն, որպես ՄԱԿ-ում աթոռ զբաղեցնող մարմին, իհարկե, Ադրբեջանը  կպահպանի իր անկախությունը, բայց, որ այսուետ նրա բոլոր քայլերը ծառայեցվելու են Թուրքիայի շահերին դա անհերքելի փաստ է, որովհետև այս պատերազմը սկսվել է նաև Թուրքայի պատվերով, որովհետև Թուրքիան ունի իր շահերը և հետաքրքրությունները  և իր ծրագրերը»։

Դիտարկմանը, թե նման պարագայում ի՞նչ սանկցիաներ պետք է կիրառվի, Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, Արմինե Ադիբեկյանը ասաց, թե այս երկրների դեմ պետք է կիրառել «տնտեսական սանկցիաներ, ինչպես ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը համատեղ սանկցիաներ են մտցնում Իրանի դեմ՝ ունենալով իրենց շահերը և պատկերացումները անվտանգության մասին»:

«Այդ նույն կերպ պետք է տնտեսական սանկցիաների և էմբարգոների ենթարկվեն Թուրքիան և Ադրբեջանը, որովհետև այդ պետությունները ահաբեկչական ուժերն օգտագործում են իրենց քաղաքական, տնտեսական, ռազմական և տարածքային շահերին հասնելու համար: Նաև շատ կարևոր է Արցախի անկախության ճանաչումը և անհապաղ ՄԱԿ-ում գրանցելը և Արցախին, որպես պետություն ճանաչելը,  որից հետո մենք կկարողանանք ընդգրկել արտաքին ուժեր, որոնք կկարողանան պաշտպանել մեզ, մեր ոչ բարեխիղճ հարևաններից: Մենք պետք է ուժեղ և հզոր լինենք, որ այդ Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերը խափանենք: Մենք պետք է հաղթենք և դրա մասին անգամ ոչ մի կասկած չպետք է ունենանք»,– ասաց նա: