«ԼՂ-ում մարտերը շարունակվում են, դա ափսոսանքի և անհանգստության տեղիք է տալիս»․ Պեսկով
Չնայած հրադադարի մասին ավելի վաղ ընդունած որոշումներին`Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են, և դա ափսոսանք ու անհանգստություն է առաջացնում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն հրադադար չի գործում։
«Մարտերը շարունակվում են, դա ափսոսանքի և անհանգստության տեղիք է տալիս»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը նաև հայտնել է, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում չի շոշափվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարցը։
«Դա օրակարգում չի եղել»,- ասել է Պեսկովը՝ վերահաստատելով, որ միայն հակամարտող կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համաձայնություն տալ կարգավորման գործընթացին այս կամ այն պետության մասնակցությանը:
Երեքշաբթի Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 28-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 223 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6749 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 1068 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։










