92 թ․ թշնամին ավելի շատ էր Սյունիքի դարպասներին հասել, բայց պահել ենք, չէ՞, մենք մինչև վերջ էլ կռվելու ենք. ազատամարտիկ
Ինչ էլ ուզում է լինի, մեկ է, հայի դուխը չեն կարող կոտրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կապանի տարածաշրջանի ազատամարտ» բարեգրոծական ՀԿ-ի նախագահ, ազատամարտիկ Խորեն Հարությունյանը:
Նա նշեց, որ այս պահին Կապանում հանդարտ է, ամեն ինչ ունեն և պատրաստ կանգնած են: Ինչ վերաբերում է նրան, որ թշնամին հասել է Սյունիքի դարպասներին, ազատամարտիկն ասաց. «92 թվականին թշնամին ավելի շատ էր դարպասներին հասել, բայց պահել ենք, չէ՞: Մենք մինչև վերջ էլ կռվելու ենք»: Նա նշեց, որ երբեք վտանգը չի ավարտվել, 92 թվականից հետո էլ կռիվը ավարտված չի եղել:
Խորեն Հարությունյանն ասաց, որ քաղաքը բնականոն կյանքով ապրում է, ամեն ինչ նորմալ է: «Մենք այդ ճանապարհը մեկ անգամ անցել ենք, մեր քաղաքն այդ ամենը մեկ անգամ տեսել է, և ամուր կանգնած ենք»,-ասաց նա:
Ամեն դեպքում, նա ցավալի համարեց, որ թշնամին այդքան եկել է, սակայն նկատեց, որ այդքան զենք-զինամթերք են կիրառում, մարդկանց այդքան թվաքանական ունեն, բայց այս մի փոքր հատվածն են եկել: «Այդքան զինտեխնիկա, այդքան մարդկային ուժ, որ իրանք դրել են, արդեն Իրանն էլ պետք է գրաված լինեին, այդ զենքի կեսը մերը լիներ, մենք շատ վաղուց Բաքվում նստած կլինեինք»,-ասաց նա և նշեց, որ մեր տղաների շնորհիվ է, որ չեն կարողանում շատ առաջ գնալ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 28-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 223 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6749 զոհ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 1068 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։










