Շատ կարևոր է, որ կառավարությունը գա ԱԺ հարց ու պատասխանին. Էդմոն Մարուքյան

10:44 • 28.10.20

Ազգային ժողովի հերթական նիստը հետաձգվեց, քանի որ անհրաժեշտ թվով պատգամավորներ չէին գրանցվել և քվորում չկար: Վարման կարգով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե արդյոք «Իմ քայլը» խմբակցությունն ունի որոշում, որ պատգամավորները չգան և քվորում չլինի:

«Ռազմական դրությունից զատ, բավական հարցեր կան, որ գաղտնի չեն, օրինակ՝ մեր պետությունը հայտարարել է, որ 90 հազար փախստական կա, կորոնավիրուսի ծանր պայմաններում ենք գտնվում, տնտեսության հետ կապված հարցեր ունենք, շատ կարևոր է, որ կառավարությունը գա հարց ու պատասխանին»,-ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ այս օրերին կառավարության անդամները գերծանրաբեռնված են, և խմբակցությունը որոշում է կայացրել լրացուցիչ չծանրաբեռել: «Մեզ մոտ այդ որոշումը կա, բայց միայն այս անգամ»,- ասաց նա և նշեց, որ հարց ու պատասխան չի լինի:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը նշեց, որ եթե որոշում կա, պետք է բոլորը իմանան, որ իրենք էլ ավելորդ ժամանակ չծախսեն: