Մարտական գործողությունները տեղափոխվում են Արցախի լեռնային հատվածներ. թշնամու հարձակման տեմպն ընկնելու է, իսկ մարդկային կորուստներն էլ ավելի են շատանալու. ռազմական փորձագետ

15:15 • 28.10.20

Ադրբեջանի բանակը, թեև Արցախի հարավում խորացել է, բայց այդ խորանալն իր հերթին լրացուցիչ խնդիրներ է ստեղծել հենց խորացող խմբավորման համար: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ռազմինֆո» կայքի ռազմական փորձագետ Հայկ Խաչիկյանը: «Նախ թիկունքային մատակարարումներից բավականին հեռացել են: Բացի դրանից, էապես մեծացել է պայմանական ասած ռազմաճակատի գիծը նրանց համար, ուժերը չեն փոխվել, բայց ռազմաճակատի գիծը մեծացել է: Ինչ-որ պահի սա իրենց դեմ աշխատելու է»,- ասաց նա: Հայկ Խաչիկյանի խոսքով՝ այժմ մարտական գործողությունները տեղափոխվում են Արցախի լեռնային հատվածներ, ինչը նշանակում է, որ թշնամու հարձակման տեմպն ընկնելու է, իսկ մարդկային կորուստներն էլ ավելի են շատանալու: «Մեկ բան է դաշտավայրային հատվածում զրահատեխնիկայի աջակցությամբ մարտեր վարելը, մեկ այլ բան են արդեն լեռներում մարտերը, որտեղ մեծ հաշվով զինտեխնիկան չի ցուցադրելու իր բոլոր առավելությունները»,- նշեց փորձագետը:

- Արցախում վերսկսված պատերազմից մեկ ամսից ավելի է անցել, ի՞նչ ցույց տվեց այս ժամանակահատվածը, ի՞նչ իրավիճակ ունենք այսօր:

- Պատերազմի մեկնարկից ի վեր հակառակորդը մարտի մեջ է նետել իր սպառազինության մեջ եղած բոլոր ցամաքային ուժերը, այսպես ասած, նավերը չհաշված: Առաջնագծային բոլոր կորպուսներից բացի, նաև մարտի մեջ էին մտցրել ռեզերվային ուժեր, մարտի մեջ էին մտցվել պետական սահմանապահ ծառայությունից ստորաբաժանումներ: Իր սպառազինությունում եղած ամենափոքր տրամաչափի զինամթերքից, մինչև ամենամեծ տրամաչափի հրթիռներ, մասնավորապես, խոսքը LORA օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների մասին է: Այս մեկ ամսվա ընթացքում կարող ենք արդեն փաստել, որ ադրբեջանական հարձակումը, եթե պլանավորված էր բլից-կրիգի սցենարով, ապա դա չի ստացվել: Մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմին հաջողվել է մեզնից զավթել Արցախի հարավի դաշտավայրային հատվածը: Սա այն հատվածն էր, որտեղ կարող էին զրահատանկային ստորաբաժանումներով, մանևրելով ինչ-որ հաջողությունների հասնել: Հիմա արդեն մարտական գործողությունները տեղափոխվում են լեռնային հատված և Ադրբեջանի համար մարտական գործողությունները շարունակելու դեպքում գործողությունների թատերաբեմը լինելու է լեռնային հատվածը: Սա նշանակում է, որ ադրբեջանական հարձակման տեմպը բնականաբար ընկնելու է, էլ ավելի են ավելանալու նրանց կորուստները մարդկային, որովհետև մեկ բան է դաշտավայրային հատվածում զրահատեխնիկայի աջակցությամբ մարտեր վարելը, մեկ այլ բան են արդեն լեռներում մարտերը, որտեղ մեծ հաշվով զինտեխնիկան չի ցուցադրելու իր բոլոր առավելությունները:

- Ոչ պաշտոնական տվյալներով Ադրբեջանի մարդուժի և զինտեխնիկայի կորուստները որքա՞ն են, ձեր ուսումնասիրությունն ի՞նչ է ցույց տալիս:

- Այս պասին մեզ մոտ անուն ազգանուններով, լուսանկարներով և այլ տվյալներով մոտ 1000 զոհի մասին ցուցակ կա: Բայց մենք ադրբեջանական կորուստների ցուցակագրմամբ ու հավաքագրմամբ զբաղվում ենք դեռևս 2012-2013 թթ. և որպես կանոն, իրական կորուստների թիվը 4-5 անգամ ավելի շատ է լինում մեր գրանցած անուններից: Ինչպես գիտենք Ադրբեջանը թաքցնում է իր կորուստները, պաշտոնապես չի հայտնում դրանց մասին: Կորուստների թվի մասին մի հետաքրքիր գործոն էլ կա, որ եթե նախկինում մեզ համար խնդիր էր կորուստների հավաքագրումն այն պատճառով, որ անունները դժվար էին հայտնաբերվում, ապա հիմա պրոցեսը լրիվ հակառակն է՝ անունները շատ են, արդեն խնդիրը դրանք մշակելն ու ցուցակագրելն է: Զուտ այդ պատճառով իրական թիվը 4-5 անգամից շատ կարող է լինել, մինչև 6000 առնվազն կարող է լինել:

- Չհաշված Սիրիայի և Լիբիայից բերված ահաբեկիչների մասին տվյալների բացակայությունը:

- Իհարկե, ահաբեկիչների ոչնչացումները չհաշված: Սրանք զուտ Ադրբեջանի բանակի զոհերն են:

- Ռազմական գիտության տեսանկյունից որքանո՞վ են համադրելի թշնամու զոհերի թիվը, սպառազինության կորուստները և առաջխաղացումը հարավային ուղղությամբ:

- Մեծ հաշվով նման գնահատական տալը մի քիչ սպեկուլյատիվ կլինի: Բացատրեմ՝ ինչու: Կորուստները և ձեռքբերումը համադրել գուցե արժեր այն դեպքում, եթե նրանք ինչ-որ կերպ գնահատեին իրենց մարդկային կորուստները: Ինչպես տեսնում ենք, նրանք անգամ չեն էլ ուզում մեզ մոտ մնացած իրենց դիակները հավաքել: Մեծ հաշվով իրենք կորուստներին լուրջ ուշադրություն չեն դարձնում: Եվ դատելով Ադրբեջանում եղած տրամադրություններից, ինչ կորուստների գնով էլ լինի, այլ ավանտյուրաների ևս պատրաստ են:

- Այժմ շատ է խոսվում հակառակորդի համար կործանարար էֆեկտ ունեցող հակահարված հասցնելու և դրանով պատերազմում բեկում մտցնելու մասին: Ինչ եք կարծում, հասունացե՞լ է այդ պահը:

- Ճիշտ պահը կարող են հասկանալ միայն մեր Գլխավոր շտաբում: Ինչ վերաբերում է բուն գաղափարին, այստեղ ոչ մի գաղտնիք էլ չկա, ցանկացած մարդ, ով քիչ թե շատ բանակից և քարտեզներից հասկանում է, դժվար չէ կռահել, որ Ադրբեջանի բանակը թեև հարավում խորացել է, բայց այդ խորանալն իր հերթին լրացուցիչ խնդիրներ է ստեղծել հենց խորացող խմբավորման համար: Նախ` թիկունքային մատակարարումներից բավականին հեռացել են: Բացի դրանից, էապես մեծացել է պայմանական ասած ռազմաճակատի գիծը նրանց համար, ուժերը չեն փոխվել, բայց ռազմաճակատի գիծը մեծացել է: Իհարկե, Ադրբեջանի բանակը սա կարող է կոմպենսացնել ռեզերվային ստորաբաժանումներ այդտեղ նետելով, բայց, այնուամենայնիվ, այդ գործոնը կա և բնականաբար ինչ-որ պահի դա իրենց դեմ աշխատելու է: