Հայերի՝ էլեկտրոնային փոստի միջոցով արշավը SpaceX-ին կոչ է անում չեղարկել Թուրքիայի հետ գործարքը. TechCrunch
SpaceX-ի աշխատակիցներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչներն այսօր առավոտյան զանգածային էլեկտրոնային նամակներ են ստանում հայերից, որոնք ընկերությանը խնդրում են չեղարկել թուրքական կառավարության հետ պայմանագիրը: Մտավախությունները հիմնավորված են, իսկ զանգվածային էլեկտրոնային նամակների մեթոդը՝ զարմանալիորեն արդյունավետ, գրում է TechCrunch-ը։
Տեխնոաշխարհում հայտնի առցանց պորտալը նշում է, որ էլեկտրոնային նամակի հեղինակները բացատրում են, որ ներկայացնում կամ աջակցում են աշխարհասփյուռ հայերին, որոնք տուժել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտորիտար ռեժիմից և տարածաշրջանային ազդեցությունից:
Պորտալը նշում է, որ SpaceX-ը ծրագրում է առաջիկա մեկ-երկու ամսում Turksat-5A թուրքական արբանյակը գործարկել, որը կառուցվել է Airbus ընկերության կողմից և աշխատելու է Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի համար: Գործարքը կնքվել է վաղուց, և SpaceX-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր Իլոն Մասկը 2017-ին նույնիսկ մեկնել է Թուրքիա այդ առիթով Էրդողանի հետ հանդիպելու համար։
TechCrunch-ն ընդգծում է, որ թեև Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և հարևան երկրներն ու տերություններն ընդգրկող հակամարտությունը զգայուն թեմա է, սակայն չի կարելի անտեսել այն փաստը, որ Էրդողանի իշխանության օրոք մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր եղել և շարունակում են տեղի ունենալ։
Մատնանշելով այն փաստը, որ շատ երկրներ և կառավարություններ քննադատել են Թուրքիայի պահվածքը, իսկ որոշ ընկերություններ դադարեցրել են բիզնես վարել կառավարության հետ, TechCrunch-ը հարցնում է՝ արդյո՞ք SpaceX-ը կմիանա նրանց։
Առցանց պորտալը նշում է նաև, որ իր աշխատակիցները զարմացած են էլեկտրոնային փոստով քարոզարշավի արդյունավետությամբ։










