Չի կարող ընդունվել օրենք, որով բանկին կամ վարկային կազմակերպությանը պարտադրվի ներել վարկային պարտավորությունը. ներման դեպքում պետությունը կազմակերպությանը կազատի հարկից. ֆինանսների փոխնախարար
Հնարավորություն է ընձեռվում, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները, առանց հարկային հետևանքներ կրելու, կարողանան ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած համարվող կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ինչպես նաև նրանց հետ առաջնահերթորեն փոխկապակցված անձանց, տվյալ դեպքում՝ ամուսնու, համատեղ ապրող ծնողի և համատեղ ապրող զավակի վարկային պարտավորությունները: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ի տարբերություն նախկինում նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունների՝ այս նախաձեռնությունը լավ իմաստով տարբերվում է նրանով, որ խոսքը վերաբերում է ոչ միայն տույժերին և տուգանքներին, այլև առհասարակ վարկային պատավորությանը, այսինքն՝ նաև վարկի մայր գումարին:
«Նպատակն այն է, որ շահառու համարվող անձինք կամ նրանց հետ փոխկապակցված անձինք ամբողջությամբ ազատվեն վարկային պարտավորությունից»,-նշեց նա՝ ընդգծելով, թե օրենքն ընդունվել և ուժի մեջ է մտել, հետևաբար այն հանգիստ կարող է կիրառվել:
Պողոսյանն ընդգծեց՝ սա հնարավորություն է բանկերի և վարկային կազմակերպությունների համար: Այսինքն՝ օրենքով չի պարտադրվում և գործնականում չի էլ կարող պարտադրվել, որովհետև երկու անձանց միջև ձևավորված քաղաքացիաիրավական հարաբերութունների առարկա է:
«Գործ ունենք երկու անձանց՝ վարկատուի և վարկառուի միջև ձևավորված քաղաքացիաիրավական հարաբերությունների հետ, այսինքն՝ չի կարող ընդունվել օրենք, որով բանկին կամ վարկային կազմակերպությանը պարտադրվի ներել վարկային պարտավորությունները: Սա պետք է դիտարկել հայեցողական որոշումների կայացման դաշտում»,-ասաց նա:
Պողոսյանն ընդգծեց՝ պետությունը օրենքի ընդունմամբ բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կիսում է բեռը՝ վարկի չստացման կամ չմարման հետևանքով:
«Պետությունը հրաժարվում է իրեն հասանելիք հարկերից, բանկերն ու վարկային կազմակերպություններն էլ առաջարկում են հրաժարվել իրենց հասանելիք գումարից՝ այդպիսով բեռը բաշխելով ֆինանսական կառույցների և պետության միջև: Բանկերն ու վարկային կազմակերպությունները այս որոշումը կայացնում են իրենց սեփական քաղաքականության շրջանակներում՝ ելնելով իրենց առջև դրած խնդիրներից ու նպատակներից»,-ասաց նա:
Ըստ փոխնախարարի՝ պետք է նկատել, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստակամ են իրապես օգտվել այս գործիքի ընձեռած հնարավորություններից և առավել մեծ ծավալով վարկային պարտավորություններ ներել: Նրա խոսքով՝ օրենքով վարկատեսակների սահմանափակումներ նախատեսված չեն, այսինքն՝ այն բոլոր վարկերին էլ վերաբերելի է:










