«Իմ քայլը» խմբակցությունը քվեարկություններից առաջ ընդմիջում վերցրեց
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Նախագիծը ներկայացնում էր Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Այս նախագծով Պաշպանական գերատեսչությունն ունենալու է հնարավորություն աշխարհազորի գաղափարի շուրջ համախմբել կամավորական ավելի կառավարելի աստիճան ունեցող ռեսուրսը:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաև կառավարության կողմից ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Գաբրիել Բալայանը ներկայացրեց, որ խնդիրը վերաբերում է ռազմական դրության հետ կապված մի շարք հոդվածներում հստակեցումներ և խստացումներ սահմանելուն:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկություններից առաջ 20 րոպե ընդմիջում խնդրեց խմբակցության անունից:










