Բրիտանական հատուկ ծառայությունները սերտորեն համագործակցում են թուրքական հետախուզության հետ և անուղղակիորեն մասնակցում են Արցախի դեմ պատերազմին. Արման Նավասարդյան (տեսանյութ)

15:16 • 29.10.20

Ադրբեջանը հասկանում է՝ պատերազմը կանգնեցնելն այլևս անիմաստ է, նրանք ուզում են ամբողջ Արցախը՝ առանց հայերի, Էրդողանն էլ չի թողնի կանգնեցնել պատերազմը, դրված է Արցախի հայաթափման ծրագիրը. Արցախը փորձում են դարձնել տաբուլա ռասա՝ մաքուր հող, որի վրա ոչինչ չի լինի, ասում են՝ մեկ միլիոն փախստական կվերադառնա, մինչդեռ այնտեղ ընդամենը 43 հազար ադրբեջանցի է ապրել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին փոխարտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Եթե հանձնենք Արցախը, կտանք նաև Հայաստանը: Արցախի ընդերքը հարուստ է ուրանով, Ադրբեջանն էլ ուզում է այնտեղ ատոմակայան կառուցել: Ռուսաստանը մատների արանքով է նայում այս ամենին: Էրդողանի թիվ մեկ խնդիրն այսօր միջուկային տերություն դառնալն է: Մեր այսօրվա հարացույցը պետք է լինի այն, որ պատերազմին այլընտրանք չկա, եթե մենք չհարվածենք Ադրբեջանի տարածքին, կպարտվենք»,- ասել է արտակարգ և լիազոր դեսպանը:

Ըստ Նավասարդյանի՝ միայն Գանձակի օդանավակայանին հարվածելը քիչ է, պետք է այդ քաղաքը մշտական թիրախի տակ լինի. «Պետք է բեկումնային հարվածներ հասցնել թշնամուն, Մռավի լեռնանցքով դուրս գալ Ռուսաստանի սահման, հարվածել Եվլախին: Պետք է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հանգույցը վերացնել: Բրիտանական Մի-6-ը սերտորեն համագործակցում է թուրքական հետախուզության հետ և անուղղակիորեն մասնակցում Արցախի դեմ պատերազմին, Բորիս Ջոնսոնը հատուկ զգուշացրել է, որ պետք է ապահովել նավթամուղի անվտանգությունը»:

Նախկին փոխարտգործնախարարի կարծիքով՝ ԱՄՆ և ՌԴ նախագահները չեն ուզում կրակի դադարեցում սահմանել, բայց եթե ՀՀ-ն հարվածի տակ ընկնի, ՌԴ-ն իր խոսքը կասի. «Պետք է մոռանալ ՀԱՊԿ-ի մասին, հիմա աշխարհաքաղաքական վերադասավորում է գնում, ինչը հավանության է արժանանում, օրինակ, Մեծ Բրիտանիայի կողմից: Կարելի է նույնիսկ նավթամուղը շարքից չհանել, բայց հսկողության տակ վերցնել՝ բաժանելով Ադրբեջանը Ռուսաստանից: Կարևոր է նաև այն, որ Հայաստանից խմելու և ոռոգման ջրերն են գնում Ադրբեջան, պետք է կտրել այդ հոսքը»:

Արման Նավասարդյանի պնդմամբ՝ այսօր ՌԴ-ում մեծ կասկածանք կա Ադրբեջանի նկատմամբ, այդ երկիրն ինքնիշխան չէ, այն Թուրքիայի մի մասն է. «Տարիներ անց ՌԴ-ն կկանգնի խնդրի առաջ, պետք է անել նույն օպերացիան, ինչ Վրաստանում 2008-ին: Ադրբեջանը կարող է մասնատվել ազգային փոքրամասնությունների միջև: ՌԴ-ին այսօր բոլոր կողմերից շրջափակում են, Ղրղզստանում, Բելառուսում անկարգություններ են հրահրում: Ռուսներն իրենք են ընդունում, որ եթե Կովկասում չկանգնեցնեն ահաբեկիչներին, վաղը ստիպված կլինեն դա անել Կազանի մատույցներում»:

Արտակարգ և լիազոր դեսպանի պնդմամբ՝ այսօր Իսրայելը Վաշինգտոնի կարգադրությամբ Ադրբեջանը վերածել է ռազմական պլացդարմի, այն Իրանի դեմ է գործում: «Ադրբեջանում Իսրայելի հետախուզական և արբանյակային գործունեությունն ուղղված է Իրանի տարածքն ուսումնասիրելուն, Ադրբեջանն իսրայելական պլացդարմ է Իրանի քթի տակ: Մեր դիվանագիտությունը պետք է Իրանի ուղղությամբ շատ ակտիվ աշխատի, նրանց արձագանքը բավարար չէ»,- ամփոփել է ՀՀ նախկին փոխարտգործնախարարը:


Դավիթ Սարգսյան