Հոկտեմբերի 30-ին Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Ժնև՝ հանդիպելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին․ Աննա Նաղդալյան (տեսանյութ)

22:50 • 29.10.20

Հոկտեմբերի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Սա միակ ձևաչափով հանդիպումն է, որի մասին այս պահին ես որևէ տեղեկություն ունեմ»,- հայտնեց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին պետք է կայանար Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ժնևում՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, սակայն հանդիպումը հետաձգվել էր։

Հանդիպման օրվա փոփոխությունը, Աննա Նաղդալյանի տեղեկացմամբ՝ պայմանավորված էր իրավիճակային և լոգիստիկ որոշակի հանգամանքներով։

Ինչ վերաբերում է հանդիպման օրակարգին, ԱԳՆ խոսնակը նշեց․ «Մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցումն է՝ համաձայն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին։ Եվ առաջնային է մեզ համար կրակի դադարեցման ամրապնդումն է համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով։ Հենց այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնև»։

Աննա Նաղդալյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին տեղի է ունենում ԱԳՆ ղեկավարի հանդիպումը Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբաս Արաղչիի հետ։