Մենք հաղթանակից բացի այլ տարբերակ չունենք, ոչ մի ցավալի փոխզիջում, ցավալին պետք է լինի թշնամու համար. Գևորգ Գևորգյան
Նորություն չէ, որ մեր թշնամի պետությունից մենք միշտ առանձնացել ենք մարտական ոգով, անկոտրում կամքով, որովհետև իրենք չեն կռվում իրենց հողի համար, իսկ մենք կռվում ենք մեր հողի համար: Մենք ագրեսոր չենք, մենք կռվում և պաշտպանում ենք այն, ինչը մերն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը, ով օրեր առաջ է վերադարձել ռազմաճակատից:
Դիտարկմանը, թե այս պատերազմը տարբերվում է 90-ականների պատերազմից, անվանվում է 5-րդ սերնդի պատերազմ, քանի որ հագեցած է բարձր տեխնոլոգիական զինատեսակներով և անհրաժեշտություն է առաջանում տարիներ առաջ ռազմական գործողությունների մասնակցած անձանց ծանոթացնել ժամանակակից զինատեսակներին, Գևորգ Գևորգյանը նշեց, որ ժամանակի ընթացքում զարգանում են զինատեսակները և հարկավոր է վերապատրաստումներ իրականացնել, դրա համար էլ «Ազգ-բանակ» ծրագիրը պետք է կյանքի կոչվեր։ «1990-ականներին հրթիռների այս քանակություն չկար, ԱԹՍ–ներ չկային, 2016-ին մենք տեսանք այդ սարքերից, հիմա ավելի շատ ու համարգված են: Նույն ահաբեկիչ վարձկանները Թուրքիայի կողմից միշտ են եղել, հիմա առավել շատ են, բայց մեր համար այս ամենը անսպասելի չէր:
Թուրքը կռվող չէ, վարձկանները՝ առավել ևս: Վարձկանների նպատակը իր կյանքը հողի համար տալը և այն մինչև վերջ պահելը չէ, նա իր գումարի մասին է մտածում: Նրանք մեր հայ զինվորի և կամավորի սպայի առաջ շատ թույլ են: Իրենք փորձում են տարբեր ուղղություններից հարձակում գործել, բնականաբար մենք էլ հետ ենք մղում՝ իրենց պլանավորած գործողությունները չեզոքացնելու համար»:
Անդրադառնալով երեկ Շուշիի և Ստեփանակերտի, ինչպես նաև ծննդատան հրետակոծմանը՝ Գևորգյանը նշեց, որ եկեղեցուն, խաղաղ բնակչությանը, ծննդատունը ռմբակոծելը բարբարոս թուրքի ձեռագիրն է, որը միշտ է եղել: Նա համոզված է, որ եթե հակառակորդը կարողանար հաջողության հասնել, տակտիկական ուրիշ մոտեցում կունենար, իսկ այս կերպ փորձում են խուճապ և ցավ պատճառել, որպեսզի հայի մարտական ոգին ընկճեն, բայց դա անհնար է. «Մենք վաղուց գիտենք բարբարոս թուրքին և վարձկաններին: Փաստացի Արցախը պահելով՝ մենք պահում ենք Հայաստանը»։
Գևորգ Գևորգյանը նշեց, որ «Ազգային ճակատ»-ի կամավորական վաշտերը մինչև հիմա առաջնագծում են և պատվով կատարում են բոլոր հերթափոխությունները: «Ազգային ճակատ»ը համալրել է այլ ջոկատներ: Այժմ փորձում են այլ խմբերով հերթափոխեր կազմակերպել՝ ռազմական գործողություններին ակտիվ մասնակցելու համար:
Նրա հավաստմամբ՝ կամավորները բավականին շատ են, շատ են նաև տարբեր ջոկատներից միացածները: Գևորգյանը նշեց, որ հերթափոխերի ընթացքում փորձում են հնարավորին չափով անցկացնել զինվորական պատրաստություն, որպեսզի քիչ թե շատ վերհիշեն գիտելիքները, իսկ զիվորական գիտելիք չունեցող կամավորները կարողանան տակտիկական գիտելիքներ ձեռք բերել, զենքի տիրապետել և այլն։
«Մենք հաղթանակից բացի այլ տարբերակ չունենք և ոչ մի ուրիշ տարբերակի հետ մենք չենք պատրաստվում մերվել, ոչ մի ցավալի փոխզիջում, ցավալին պետք է լինի թշնամու համար և մեզ համար փոխզիջում չի կարող լինել: Այս պատերազմում հաղթողը լինելու է միայն հայ ազգը և բանակը: Եթե հակառակորդը մինչև այսօր խոսում էր 20 տոկոս օկուպացիաների մասին, հիմա մենք պետք է ավելացնենք, որովհետև մենք զգուշացնում էինք՝ եթե դուք նորից սանձազերծեք պատերազմ, հետո ստիպած եք լինելու խոսել 25-30 տոկոսների մասին, այն ինչ ասել ենք, պետք է դա կարողանանք անել, իսկ դա անել մենք կարող ենք: Այդ ամենին հասնելով միայն մենք կարող ենք պատրաստվել նրանց հետ բանակցությունների և կնքել զինադադար, իսկ երբ թիկունքն ու առաջնագիծը, սփյուռքը միասնական են, մենք առաջ գնալու խնդիր չունենք»,- ընդգծեց նա:
Հերմինե Միքայելյան










