Վարակը հունվար-փետրվար ամսին մի քիչ կնվազի, որից հետո գարնանը կունենանք երրորդ ալիք. բժիշկ
Կանխատեսվում էր, որ կորոնավիրուսի երկրորդ ալիք պետք է լիներ, նույնիսկ օտարերկրյա վարակաբանների եզրակացությամբ՝ համավարակը ունի երեք փուլ, երկրորդ ալիքը լինում է ավելի ուժեղ, քան առաջինը, իսկ երրորդ ալիքը ավելի թույլ, քան առաջինը: Կանխատեսվում է, որ վարակը հունվար-փետրվարին մի քիչ կնվազի, որից հետո գարնանը նորից կունենանք երրորդ ալիք. Tert.am–ի հետ զրույցում նշեց բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը:
«Ամռանը շատերը գնացին հանգստյան տներ, իսկ ոչ մի հանգստյան տանը հակահամաճարակային կանոնները չէր պահպանվում, հետո սեպտեմբերի 15-ից դպրոցները բացվեցին, և երեխաները գնացին դպրոց, տրանսպորտում մարդկանց թիվը շատ էր, իսկ դիմակը կանխարգելում է վարակի տարածումը 50-70 տոկոս: Եթե տրանսպորտում մարդիկ խիտ կանգնած են, ինչքան էլ դիմակը պարտաճանաչ կրեն, եթե մեկ մետր հեռավորություն չեն պահում, կվարակվեն, քանի որ հարյուր տոկոս վարակի կանխարգելումը հեռավորություն պահպանելն է, վիրուսը երկու մետրից հեռու չի տարածվում»,- մեկնաբանեց նա:
Բժշկուհու կարծիքով՝ մյուս խնդիրն այն է, որ ուսուցիչները թեստավորվեցին, սակայն ոչ բոլորը թեստի պատասխանն իմանալով գնացին աշխատանքի, և այս պահին չկա մի դպրոց, որ հիվանդ ուսուցիչ չունենա: Իսկ մարզերում նույնիսկ դեպքեր եղան, երբ ուսուցիչներն եկան առաջին օրը դպրոց հետո նոր թեստավորվեցին։
«Իմ կարծիքով՝ առաջին հերթին պետք է աշակերտներին թեստավորեին, քանի որ երեխաները կարող են անախտանիշ լինել, բայց վարակված լինել և դառնալ վարակի տարածման աղբյուր: Այս ամենին գումարվեց նաև պատերազմը, և մարդիկ առանց թեստավորվելու կամավոր գնացին, և այժմ Արցախից Հայաստան եկած շատ ընտանիքներում կան կորոնավիրուսով վարակվածներ: Ինչպես նաև վիրավորված զինվորները, երբ բերվում են հիվանդանոց, նրանց 80 տոկոսը ջերմում է, եթե համարենք, որ կեսը ջերմում են վիրավորման պատճառով, բայց նրանցից մի մասը հնարավոր է, որ կովիդ են, բայց ոչ մի հիվանդանոց նրանց չի թեստավորում»,– ասաց նա:
Լամարա Մանուկյանը նշում է, որ կան մեծ քանակով կովիդ բացասական թեստով, բայց կան նաև կովիդ թոքաբորբով հիվանդներ, որոնք ոչ մի տեղ չեն գրանցվում: Կան մեծ թվով հիվանդներ էլ, որ չեն թեստավորվում, որպեսզի չմեկուսանան, միայն համակարգչային շերտագրություն են անցնում և տանն են բուժում ստանում, իսկ դա վճարովի չհսկվող ծառայություն է և չի գրանցվում կովիդի վարակների հետ: Այսինքն, ըստ նրա, վարակվածները ոչ թե օրական երկու հազարն են, այլ ավելի շատ են:
«Եթե հանրապետությունում արգելված է կովիդով հիվանդների դիահերձումը, այդ դեպքում կովիդ բացասական թեստով, բայց կովիդ թոքաբորբից մահացած ծայրահեղ վիճակով հիվանդը, ինչո՞ւ է դիահերձվում: Ես դեմ եմ, որ դիահերձում չի արվում, մենք կարող ենք մեկուսացած դիահերձարաններ ստեղծել, որովհետև հետմահու ախտորոշումն է ճշգրիտ: Բայց կովիդ բացասական թեստով մահացած հիվանդը, որը ծայրահեղ ծանր թոքաբորբ է ունեցել, այդ մարդը վարակիչ չէ՞»,- նշեց Մանուկյանը:
Նրա խոսքով՝ տարբեր երկրների հետազոտությունները ցույց են տալիս, որ յոթ օր հետո վիրուսը անցնում է ստորին շնչուղիներ և բնական է, որ վերին շնչուղիներւմ կարող է վարակը չհայտնաբերվել, այն հայտնաբերվում է առաջին երկու օրը և եթե հիվանդին 10-րդ օրն են թեստավորում, կարող են բացասական պատասխան ունենալ:
«Հիվանդանոցներում հիմա տեղ չկա և շատ ծանր մարդիկ, որոնք պետք է հոսպիտալացվեին իրենք տանն են բուժվում, և սա պետք է կանխատեսեինք, և ոչ միայն հիվանդանոցներ ավելացնեինք, այլ ինչպես Անգլիայում, Իսրայելում, տնային հոսպիտալներ ունեն, և հիվանդները բուժվում են այնտեղ: Այս նախագիծը ուղարկվելու է նախարարություն, որ հաստատվի և միջինից ծանր հիվանդները, տանը բուժում ստանան բժշկի վերահսկողությամբ»,- ընդգծեց Մանուկյանը:










