Ադրբեջանը փորձում է բոլորի հետ խոսել վերջնագրերի լեզվով․ նրա պահվածքին ամենաարժանի պատասխանը Արցախի անկախության ճանաչումն է․ Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Ադրբեջանը փորձում է բոլորի հետ խոսել վերնագրերի լեզվով։ Խոսքը վերաբերում է և Հայաստանին, և Արցախին, և նաև համանախագահ երկրներին։ Այս մասին Սյունիքից «Արմնյուզ» հեռուստաընկերության հատուկ թողարկմանն ասաց քաղաքական, հասարակական գործիչ Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հետաձգմանը։
«Հնչեց այդ միտքը (ադրբեջանական կողմից – Tert.am), որ անգամ բազային սկզբունքները, որին մենք համաձայն ենք, կարող են այնտեղ վերանայումների խնդիրներ ունենալ։ Այսինքն՝ Ադրբեջանի արդեն քաղաքական կեցվածքի մեջ այս նախապայմանները կարող էին մեծագույն խոչընդոտը դառնալ ժնևյան հանդիպման։ Ադրբեջանը պետք է ստանա պահվածքին համարժեք պատասխան, այս դեպքում ամենաարժանի պատասխանը, իհարկե, Արցախի անկախության ճանաչումն է։ Միայն դա կսթափեցնի նրան և կբերի նորմալ քաղաքական դաշտում գործընթաց տանելու»,- ասաց Կարեն Բեքարյանը։
Հիշեցնենք, որ այսօր պետք է կայանար Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ժնևում՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ։ Սակայն, հանդիպումը հետաձգվեց և կողմերից որևէ մեկից չկա որևէ պաշտոնական տեղեկատվություն, թե ում նախաձեռնությամբ և ինչ պատճառով հանդիպումը հետաձգվեց։
«Համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը, ապա նաև ամսի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարությունը, որի վրա է հենվում նաև համանախագահների վերջին հանդիպումը Վաշինգտոնում, շփումը արտգործնախարարների հետ, հայտարարությունը, որի մեջ ամսի 29-ը դրված էր որպես հանդիպման օր։ Այսինքն՝ այնտեղ կար քայլերի հստակ հերթականության էլեմենտ։ Դա հրադադարի ռեժիմն էր՝ իր ամրապնդմամբ, պարամետրերի հստակեցումը նրա վերահսկողության, որից հետո արագ անցումը քաղաքական գործընթացի էլեմենտներին։ Եթե մենք հաշվի առնենք, որ Ադրբեջանը խախտել է այդ պայմանավորվածությունը, հրադադարը չի գործում որևէ կերպ, հետևաբար հաջորդ քայլն անելու խնդիրը դառնում է անորոշ»,- նկատեց Կարեն Բեքարյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը անընդհատ ձգձգելով հանդիպումները, հրադադարի կատարումը, փորձում է օգտագործել այդ ժամանակը արդեն որպես խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման, ռազմական գործողությունների ծավալման համար։
«Եթե անգամ համարենք, որ այս հետաձգումն՝ առաջին փուլերի չստացվելու արդյունքում իր մեջ ինչ-որ օբյեկտիվ պարամետրեր ունի, բայց պետք է ամրագրենք մի շատ կարևոր բան, սա պիտի զանգ լինի համանախագահ երկրներին, որ նորից խլվում են կյանքեր, ձեռագիրը չի փոխվում։ Եվ եթե դրան ադեկվատ պատասխան Ադրբեջանը չի ստանում, այս ձգձգելը որևէ խնդիր չի լուծելու, հակառակը՝ ավելացնելու է խնդիրները»,- ասաց քաղաքական գործիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։










