«Որքա՞ն ժամանակ ենք աչք փակելու Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության վրա». Վալերի Բուայե

13:15 • 29.10.20

Ֆրանսիայի խորհրդարանի անդամ, սենատոր Վալերի Բուայեն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ֆրանսիայի Վիեն քաղաքում թուրքեր հարձակվել են ոստիկանների վրա՝ ցանկանալով բռնել հայերին, «ինչպես որ արել են 1915 թվականին»:

«Թուրքերը Վիենում հարձակվում են ոստիկանական աշխատակիցների վրա և 1915 թվականի պես ցանկանում են բռնել հայերին։ Մինչև ե՞րբ է Ֆրանսիան չեզոք մնալու։ Որքա՞ն ժամանակ ենք աչք փակելու Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության վրա։  Ինչո՞ւ ենք սպասում և Թուրքիայի նկատմամբ խիստ պատժամիջոցներ չենք ձեռնարկում»,-գրել է նա։

Հայտնի է, որ օրերս լարված է մթնոլորտը ֆրանսաբնակ հայերի և թուրքերի միջև։ Նախօրեին հայերը փակել էին դեպի Վալանս տանող ճանապարհը: Ակցիայի ժամանակ, մինչ հայ ցուցարարները պահանջում էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից և ողջ Եվրոպայից ճանաչել Արցախի անկախությունը և կանգնեցնել պատերազմը, հայերին են մոտեցել թուրքեր և սադրանքի դիմել՝ մուրճով հարվածներ հասցրել, որի հետևանքով 10 հայ էր տուժել:

Նշենք, որ գիշերը Լիոն քաղաքում թուրքերի և ադրբեջանցիների կողմից ակցիաներ են իրականացվել, փնտրել են հայերին, սանձարձակություններ իրականացրել: