Վիրավոր զինվորը մեծ հավանականություն ունի վարակվելու կորոնավիրուսով, ձայնս ուղղում եմ բոլորին. թողե՛ք բժիշկներն աշխատեն զինվորի համար. վարակաբան
Ինֆեկցիոն հիվանդութուններն ավելանում են հակահամաճարակային կանոնների անտեսման պատճառով, որը վերջին շրջանում ավելի շատ է նկատվում: Պատերազմական իրավիճակից ելնելով՝ վարակի ավելացումը սպասելի էր, բայց ոչ այդքան շատ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանը:
«Արցախ կամավորների գնալը, Արցախի բնակչության ընդունելությունը, ցավոք սրտի, վերջին շրջանում շատ հուղարկավորությունները, ռիսկի ֆակտոր ունեն ինֆեկցիոն հիվանդութունենրի թվի ավելացման համար: Ամեն դեպքում կարող ենք հակահամաճարակային միջոցառումները կիրառել, որը միայն դիմակների կրումը չէ, այլև սոցիալական տարածության պահպանումը, ձեռքերի և մակերեսների ախտահանումը և այլն»,- ընդգծեց նա:
Վարակաբանը նշում է՝ աշնանը վարակի տարածումը սպասելի էր, բայց ոչ այս ինտենսիվությամբ: Նա նկատում է, որ վերջին շրջանում շատացել են կորոնավիրուսով վարակվածության ծանր դեպքերը, որը բժշկի կարծիքով՝ կապված է սթրեսային վիճակի հետ, քանի որ այն կարող է իմունիտետի անկում առաջացնել: Դրա համար, ըստ նրա, կարևոր է առաջին իսկ նշանի դեպքում դիմել տեղամասային բժշկին և ճիշտ ուղղորդումներ ստանալ:
«Ինչպես գիտենք, հիվանդանոցներում հիմա ազատ մահճակալներ չկան, նույնիսկ սովորական բաժանմունքներում հոսպիտալացված են ծանրագույն հիվանդներ, որովհետև ինտենսիվ վերակենդանացման բաժանմունքում մահճակալների խնդիր ունենք: Ե՛վ բժշկական աշխարհը, և՛ հասարակությունը պետք է զգոն լինեն պայքարելու պանդեմիայի դեմ: Առավել ևս, երբ բժշկական աշխարհը այժմ երկու ճակատով է պայքարում՝պատերազմի և կորոնավիրուսի դեմ»,- ասաց նա:
Հասմիկ Ղազինյանը նշում է, որ միջազգային վեբինարների ժամանակ պարբերաբար իր ձայնն է բարձրացնում աշխարհի բժիշկներին՝ պահանջելով, որ իրենք էլ իրենց ձայնը հնչեցնեն պանդեմիայի ժամանակ պատերազմը կանգնեցնելու համար. «Պանդեմիայի ժամանակ ոչ միայն պատերազմ չի սկսվում, այլև կանգնեցվում են պատերազմները, իսկ մեզ մոտ հակառակն է, դա է մեր ճակատագիրը՝ ունենալ այսպիսի հարևաններ, և դրա համար մենք ավելի խելացի պետք է պայքարենք, մաքսիմալ նվազեցնենք մարդկային կորուստները»,-հավելեց բժիշկը:
Վարակաբանը համոզված է, որ եթե չլիներ պատերազմը, վարակի այսքան տարածվածություն չէր լինի, հետևաբար՝ բոլոր մարդկային օբյեկտիվ և սուբյեկտիվ միջոցները պետք է օգտագործել՝ նվազեցնելու համար նոր վարակումների թիվը. «Պետք է խնայել զինվորին, երբ մենք ընդունում ենք վիրավոր զինվոր, նա մեծ հավանականություն ունի վարակվելու կորոնավիրուսով, իմ ձայնը ուղղում եմ բոլորին․ թողե՛ք բժիշկները աշխատեն զինվորի համար»:










