Հայկական զինուժը փոխեց Արցախում խնդիրը մի քանի օրում լուծելու՝ Թուրքիայի գլխավոր շտաբում գծված սցենարը. Լևոն Հովսեփյան

23:14 • 30.10.20

Թուրքիայի ներգրավվածությունը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում տարբեր բաղադրիչներ ունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ անդրադառնալով արցախյան պատերազմին:

«Առաջինը այն է, որ ռազմական գործողությունների ղեկավարումն իրականացվում է հենց Թուրքիայի գլխավոր շտաբի կողմից՝ բավական բարձր մակարդակով։ Այսինքն՝ նաև պատերազմի պլանավորումն է իրականացվել Անկարայում։ Հետո ռազմատեխնիկական առումով է Թուրքիան ներգրավված պատերազմին և տեսնում ենք, որ Արցախի դեմ կիրառվող զինատեսակների մեջ բավական մեծ են հենց թուրքական զինատեսակները՝ տարբեր ԱԹՍ-ներից մինչև հրթիռահրետանային միջոցներ, ինչպես նաև թուրքական ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռների կիրառության փաստերը»,-ասաց նա և մատնանշեց նաև հատուկ նշանակության թուրքական ստորաբաժանումների ներգրավվածությունը, Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչների ներգրավումը:

«Թուրքիան երկար տարիներ իրականացնում էր իր տարածքում, Հյուսիսային Կիպրոսում և Ադրբեջանում հատուկ ստորաբաժանումների պատրաստությունների աշխատանքներ։ Բավական ինտենսիվ ու մեծ թիվ էին կազմում համատեղ զորավարժությունները, հատկապես Նախիջևանում։ Իսկ վարձկան-ահաբեկիչների օգտագործումը Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի կուտակած փորձի դրսևորումն է»,-ասաց նա:

Լևոն Հովսեփյանն ասաց, որ սա վաղուց ծրագրված գործողություններ են, որոնց տարիներով Թուրքիան ինքն է պատրաստվել և սնել է Ադրբեջանին: Առաջին նպատակը, ըստ նրա, ռազմական հարթությունում ուժային բալանսի փոփոխությունն է և լուրջ ռազմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում՝ որպեսզի այլ ուժային կենտրոններին ստիպի ավելի լրջորեն հաշվի նստել Թուրքիայի հետ:

«Անկարայում համարում են, որ ռազմական միջամտությամբ ուժային հավասարակշռությունն այս տարածաշրջանում այլևս փոխված է և որքան Ռուսաստանն իրավունք ունի ղարաբաղյան բանակցային գործընթացում, ոչ պակաս էլ պետք է ունենա Թուրքիան։ Այդ ուղղությամբ են թուրք-ադրբեջանական տանդեմի քայլերը։ Թուրքիան իր ներգրավվածությամբ հաշվարկել էր կարճ ժամանակում՝ մի քանի օրվա ընթացքում, բլից-կրիգով խնդիրը լուծել, ինչը ձախողվեց»,- ասաց նա և նշեց, որ հայկական զինված ուժերը արդեն որոշակիորեն փոխեց թուրքական սցենարը, որն ի սկզբանե մշակված էր Թուրքիայի գլխավոր շտաբում:

«Թուրքիայում քաղաքական ու փորձագիտական քննարկում կա՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային կապ ապահովել և Նախիջևանի գործոնը խաղարկել, այն, ինչ 1992 թվականին թուրքական Մեջլիսում պահանջում էին՝ ուղիղ կապ հաստատել Սյունիքի միջոցով Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչը բնականաբար նշանակում է ցամաքային կապ Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդ պլանը մշակված է և կա Թուրքիայի գլխավոր շտաբում:

Թուրքագետը նաև նշեց, որ դիվանագիտական առումով Թուրքիայի նպատակն է լրջորեն ներգրավվել բանակցային գործընթացում։ Թուրքիան, նրա խոսքով, երկար տարիներ փորձում էր զրոյացնել Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, հասնել բանակցային ձևաչափի փոփոխության: Ըստ նրա՝ հրադադարների փորձերի ձախողվել են Անկարայի պատճառով։

Թուրքագետը նկատեց, որ Թուրքիան փորձում է Ռուսաստանի հետ հավասարը հավասարի հետ նստել քննարկման: «Սակայն Թուրքիային նման խաղաքարտ տալը հարվածելու է  առաջինը հենց Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքերին, ինչը Ռուսաստանում շատ լավ հասկանում են և դրական չեն վերաբերվում դրան: Բայց մյուս կողմից Ռուսաստանը՝ տարբեր գործոններ հաշվի առնելով, չի փորձում առճակատման մեջ մտնել Թուրքիայի հետ, քանի որ Ռուսաստանը վերջին տարիներին, այսպես ասած, հսկայական ներդրում է կատարել ռուս-թուրքական հարաբերություններում․ խոսքը աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական բաղադրիչներին է վերաբերում։ Ռուսաստանն այստեղ ունի իր հաշվարկները, և Թուրքիան օգտագործում է նաև այդ հանգամանքը»,-ասաց նա: