Բելառուսում ՀՀ դեսպանը հանդիպել է փոխարտգործնախարար Ալեյնիկի հետ, քննարկվել են նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման վերաբերյալ մի շարք բանաձևերին առնչվող հարցեր
2020թ․ հոկտեմբերի 29-ին կայացել է Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ալեյնիկի հետ։
Հանդիպման ընթացքում արծարծվել են մի շարք արդիական հարցեր, որոնք առնչվում են միջազգային ասպարեզում հայ-բելառուսական փոխգործակցության առաջմղմանը՝ Հայաստանի և Բելառուսի միջև բարեկամության և համագործակցության 2001 թվականին կնքած պայմանագրի դրույթների, ինչպես նաև բազմակողմ միավորումների և կազմակերպությունների շրջանակներում կողմերի ստանձնած փոխադարձ պարտավորությունների ներքո։
Նախարարի տեղակալ Ս.Ալեյնիկը տեղեկացվել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ-գրոհայինների ներգրավմամբ սանձազերծված ագրեսիայով պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացման մասին։
Դեսպանի կողմից նաև ներկայացվել է տեղեկատվություն Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների և բազմաթիվ ռազմական հանցագործությունների մասին, որոնց իրականացման դեպքում, այդ թվում՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ընթացքում, կիրառվել են արգելված սպառազինություններ ևս։
Շոշափվել են նաև Արցախի դեմ ագրեսիան և Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող միջազգային արձագանքի, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման վերաբերյալ մի շարք բանաձևերին առնչվող հարցեր։
Երկուստեք վերահաստատվել է կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի շարունակման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։










