Հրետանային կրակ է արձակվել Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Սյունիքի մարզի Դավիթ բեկի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ են եղել: Ադրբեջանի զինված ուժերի հրետանային միջոցներից կրակ է արձակվել, կան կոնկրետ հետևանքներ, իսկ զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տվյալներ չունեմ, եթե տվյալներ լինեն, այդ մասին կհայտարարվի։ Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Թշնամու կողմից ֆոսֆորային ռումբերի կիրառման հարցին ի պատասխան՝ Հարությունյանը նշեց՝ դեռ ուսումնասիրում են։
Ըստ նրա՝ Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Շուշիում, Ստեփանակերտում, Մարտակերտում, Ասկերանում և այլ բնակավայրերում հանցագործության և մարդկանց դեմ արգելված զինատեսակների կիրառությունը պետք է լինի աշխարհի ուշադրության կենտրոնում:
«Արցախի հայությունը առաջին հերթին ենթարկվել է ագրեսիայի Ադրբեջանի կողմից և եթե որևէ մեկը աշխարհի որևէ ծայրում կարծում է, որ Արցախը չունի լեգիտիմ իրավունք Ադրբեջանի տարածքում ոչնչացնելու այն թիրախները, որտեղից իրականացվում է ագրեսիան Արցախի հայության դեմ, ապա պետք է այս ամենի մասին մտածի»,- ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի խոշոր քաղաքներում տեղակայված են ռազմական տարբեր օբյեկտներ և ապացույցներ կան, որ դրանք պատկանում են Թուրքիայի ռազմաաօդային ուժերին․ «Ամերիկայի կողմից արբանյակային լուսանկարներով ներկայացվեցին նաև ապացույցներ, թե ինչպես են Թուրքիային պատկանող ամերիկյան արտադրության F-16 կործանիչները օգոստոս ամսվանից տեղակայված Ադրբեջանում և եթե այդ տարածքից իրականացվում է ագրեսիա Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, ապա Արցախի լիարժեք իրավունքն է թիրախավորել և ոչնչացնել այս նշանակետերը»։
«Եթե Արցախի սպառազինության մեջ եղած խորհրդային արտադրության, շատ դեպքերում՝ հին խոցման միջոցները, թիրախավորելով Ադրբեջանի ռազմական նշանակության օբյեկտները, որոնք մոտ են տեղակայված Ադրբեջանի խաղաղ բնակչությանը, խոցում են և կարող են վրիպել, ապա Ադրբեջանի սպառազինության մեջ շատ ավելի դիպուկ և գերճշգրիտ միջոցներ կան, որոնց մասին բոլորը գիտեն: Ադրբեջանը դրանք ավելի թիրախային է օգտագործում և Շուշիի եկեղեցուն և ծննդատանը սխալմամբ չէին կպել:
Եվ երբ այսքանից հետո խոսվում է Արցախի բնակչության՝ Ադրբեջանի կազմում խաղաղ համակեցության մասին, մեղմ ասած, ծիծաղելի է: Թող Ադրբեջանում մտածեն՝ ինչպե՞ս պիտի հադրութեցի պապիկին գնդակահարելուց հետո փորձեն նրա թոռների հետ խաղաղ համակեցությամբ ապրել Արցախում, որը ուզում են գրավել»:










