Կենտրոնական ուղղությամբ հակառակորդն ունեցել է որոշակի առաջխաղացում, հարավում և հարավ-արևելքում մեր զինուժը հետ է վերցրել որոշակի դիրքեր. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

22:00 • 31.10.20

Այսօր ամբողջ օրը վաղ առավոտվանից Ադրբեջանի զինված ուժերը ահաբեկչական խմբավորումների հետ միասին ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ մարտերի ինտեսիվությունը շատ բարձր չի եղել, բայց որոշ օջախային ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակողական գործողություններ:

«Մասնավորապես, կենտրոնական ուղղությամբ մեկ-երկու դիրքերի վրա մեծաքանակ հետևակային և այլ ուժեր, զրահատեխնիկա, օգտագործելով հրետանի՝ ընդ որոշում միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը Ադրբեջանի Զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ: Դրան հակառակ՝ հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են, դրանք մեծ ինտեսիվություն չունեն, սակայն զորատեսակային և զինատեսակային առումով կիրառվում են բավականին շատ զենքեր: Նա նշեց, որ, որպես կանոն, այն բնակավայրերը, որոնք Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ են անցել, բնակիչները ժամանակին տարհանվել են: