Ռուսաստանի ձեռքերը կապված են նրանով, որ չեն կարող օժանդակությունն անմիջականորեն տրամադրել Արցախին՝ ելնելով տարբեր պայմաններից. Ալեքսանդր Մարգարով
Ռուսաստանը երբևիցե չի թաքցրել, որ ինքը պատրաստ է իրականացրել պայմանագրային այն պարտավորությունները, որոնք ունի Հայաստանի առջև: Ռուսաստանի հետ մեր համագործակցության աստիճանը միշտ հայտնի է եղել, այդ թվում նաև՝ ռազմական բնագավառում. Tert.am-ի հետ զրույցույմ նշեց քաղաքագետ, ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին։
«Մենք գիտենք, որ սպառազինության, ռազմական տեխնիկայի զգալի մասը ստացել ենք Ռուսաստանի Դաշնությունից, դա և երկկողմանի հարաբերությունների շնորհիվ է, և այն, որ ՀԱՊԿ-ի անդամ ենք, ինչպես նաև պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, նաև նախկին, միշտ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը: ՀՀ երրորդ նախագահ Ս. Սարգսյանը վերջին ասուլիսի ժամանակ նշեց ռազմաօժանդակության այն ծավալը, որը Հայաստանը ստանում է Ռուսաստանից: Այսինքն՝ մենք հասկանում ենք, որ մեր ռազմական պոտենցիալը էականորեն կախված է Ռուսաստանից, Ռուսաստանը երբևիցե չի թաքցրել իր պատրաստակամությունը՝ օգնել Հայաստանին»:
Մարգարովն ընդգծում է, որ պետք է նկատի ունենալ, որ խոսքը վերաբերում է Հայաստան և Ռուսաստան երկկողմանի հարաբերություններին, և օժանդակությունը տրվում է, երբ սպառնալիքը անմիջապես վերաբերում է Հայաստանին: Իսկ Հայաստանը, քանի որ Արցախի անվտանգության երաշխավորն է, բոլորն էլ հասկանում են, որ օժանդակությունը՝ ուղղված Հայաստանին, օգտագործվելու է նաև Արցախի անվտանգությունն ապահովելու համար, տվյալ դեպքում՝ զենքով ապահովելու համար: Նրա կարծիքով՝ սա բերում է հարցերի շրջանակ, որոնց Մոսկվայում պետք է պատասխանեն.
«Բացի այն, որ Ռուսաստանը երկկողմանի հարաբերություններ ունի Հայաստանի հետ, նրանք ունեն նաև իրեց շահերը տարածաշրջանում, և թե ինչ բալանս կունենա այս երկու էլեմենտների փոխհարաբերությունները և իրենց՝ միջնորդի դերակատարությունը Մինսկի խմբի մեջ, ինչպես նաև փոխհարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, այս ամենը կպարունակի համապատախան բովանդակային պատասխան նամակը: Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնելու կատարելու այն պայամանագրային պարտականությունները, որոնք ունի Հայաստանի առջև, 1997 թվականի պայմանագրով: Ռուսաստանի ձեռքերը կապված են նրանով, որ նրանք չեն կարող այս օժանդակությունը անմիջականորեն տրամադրել Արցախի Հանրապետությանը՝ ելնելով տարբեր պայմաններից»:
Անդրադառնալով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Վ․ Պուտինին դիմելու անհրաժեշտությանը, նշեց, որ այն օգտակար է այն տեսանկյունից, որ շեշտադրվեց Արցախի նախագահի դիրքորոշումը, որ Ռուսաստանին դիտարկում է որպես երկիր, որը կարող է ռազմական գործողությունները դադարեցնել: Այսինքն՝ մենք տեսնում ենք, թե Արցախը որտեղ է տեսնում հիմնական դերակատարողին, ով կարող է ազդել գործընթացի վրա, կարծում եմ, որ այս ամենի մասին կարելի էր մտածեին ավելի շուտ»,- եզրափակեց նա:










