Ադրբեջանի կողմից կիրառվող ֆոսֆորային զինատեսակների ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ՝ մասնավորապես խորը այրվածքներ. Շուշան Ստեփանյան (տեսանյութ)

20:26 • 31.10.20

Ֆոսֆորը ինքնին թունավոր նյութ է: Այն կարող է հանգեցնել ոսկորների և ոսկրածուծի վնասմանը, ինչպես նաև հյուսվածքների մահվան: Նման ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ՝ մասնավորապես խորը այրվածքներ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Նույնիսկ բուժաշխատողը, որը ցուցաբերում է բժշկական օգնություն և սպասարկում ֆոսֆորից այրվածքներ ստացած անձին՝ պետք է վերապատրաստված լինի, այլապես կարող է վերքի բուժման ընթացքում ևս այրվածք ստանալ»,-գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ, որում երևում է, որ ադրբեջանական կողմը նմանատիպ ռումբեր է կիրառել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է ավելի քան 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120-ից ավելի քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։