«Քվեարկել եմ եվրոպական Վրաստանի համար»․ Վրաստանի նախագահը մասնակցել է երկրում ընթացող խորհրդարանական ընտրություններին

15:41 • 31.10.20

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցել է երկրում տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններին․ երկրի ղեկավարը հայտարարել է, որ քվեարկել է եվրոպական Վրաստանի օգտին, ինչպես նաև բնակչությանը հորդորել է չնայած կորոնավիրուսի համավարակին մասնակցել ընտրություններին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Ուզում եմ բոլորիդ շնորհավորել այսօրվա կապակցությամբ: Մենք քվեարկում ենք, որպեսզի կառուցենք բոլորի երազած երկիրը։ Դա եվրոպական, ժողովրդավարական երկիր է»,- հայտարարել է նախագահը:

Պետության ղեկավարը նշել է, որ ընտրողները ստիպված են կորոնավիրուսային համավարակի պայմաններում քվեարկել, սակայն նաև հավաստիացրել է, որ ընտրատեղամասերում պահպանվում են անվտանգության կանոնները, ուստի՝ բոլորին հորդորել է մասնակցել ընտրություններին։

Հիշեցնենք, որ Վրաստանում այսօր տեղի ժամանակով առավոտյան 8:00-ին մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Ընտրատեղամասերը բաց կլինեն քսան ժամ:

Հայտնի է, որ ընտրություններն անցկացվում են խառը համակարգով: 150 պատգամավորից 120-ը կընտրվի համամասնական ցուցակներով, իսկ 30-ը՝ մեծամասնական կարգով: Ընտրություններին մասնակցում է 48 կուսակցություն և երկու բլոկ:

Ընտրապայքարի ֆավորիտ է համարվում իշխող «Վրացական երազանք-ժողովրդավար Վրաստան» կուսակցությունը:

Ընդհանուր առմամբ, գործում է 3 847 ընտրատեղամաս, այդ թվում՝ 52-ն արտասահմանում: