Վրաստանում ոստիկանները 5 մարդու են ձերբակալել ընտրատեղամասերից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո

18:59 • 31.10.20

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները մայրաքաղաքի Գլդանի շրջանի №79 ընտրատեղամասի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով 5 մարդու են ձերբակալել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի ՆԳՆ պարեկային ոստիկանության բաժնի տնօրենին:   

Վերջինս հայտնել է, որ ՆԳՆ աշխատակիցները մոբիլիզացվել են ընտրատեղամասերի մոտակայքում: «Այդ ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել՝ դիմակայություն կողմերի միջև: Ներկա պահին հինգ մարդու ենք ձերբակալել: Նրանք ձերբակալվել են վարչական կարգով՝ ոստիկանությանը չենթարկվելու և մանր խուլիգանության համար»,- ասել է ՆԳՆ ներկայացուցիչը:

Միջադեպը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության կողմնակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերաճել է ծեծկռտուքի: Ոստիկանությանը հաջողվել է բաժանել կռվողներին:  

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում: 150 պատգամավորական տեղի համար պայքարին միացել են 48 կուսակցություն և երկու քաղաքական դաշինք:

Մասնակցության հայտը ընտրություններում քվեարկության ավարտից երեք ժամ առաջ կազմել է 45.77 տոկոս: