Ադրբեջանի հարվածից վնասվել է Շուշիի իրանական «Գոհար Աղա» մզկիթի պատը (տեսանյութ)
Ադրբեջանի զինված ուժերի կողմից գրադի և սմերչի կայանքներից հարվածի հետևանքով վնասվել է Շուշիի «Գոհար Աղա» իրանական մզկիթի պատը: «Արմենպրես»-ը տեղեկությունը ճշտեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
ԱԻ ՊԾ-ից տեղեկացրին, որ թեև հարվածը թիրախավորված է եղել, սակայն շատ լուրջ վնաս չի հաջողվել հասցնել, այն ընկել է մզկիթի պատի կողքին, վնասվել է պատի մի հատվածը: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացրին նաև, որ նոյեմբերի 1-ին Շուշիի ուղղությամբ հարվածները շատ են եղել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։
Մարտունի քաղաքը և շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Տուժածներ չկան, իսկ ավերածությունների հետևանքով վնասների չափը ճշտվում է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է ավելի քան 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120-ից ավելի քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։










