Այսօր անհրաժեշտ է խաղաղության պարտադրում Ադրբեջանին, ոչ թե սկանդինավյան պետությունների ներգրավմամբ խաղաղապահ առաքելության ձևավորում․ Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Այսօր մեզ անհրաժեշտ է խաղաղության պարտադրում Ադրբեջանին, ոչ թե սկանդինավյան պետությունների ներգրավմամբ խաղաղապահ առաքելության ձևավորման երկարատև գործընթաց։ Այս մասին «Տողերի արանքում» հաղորդման հատուկ թողարկման ժամանակ ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
Նա նշել է, որ ԱՄՆ կեցվածքն այս պատերազմի ընթացքում ի սկզբանե բազմաթիվ հարցեր էր առաջացնում, այժմ գործ ունենք մի նոր նախաձեռնության, կամ դրա վերաբերյալ հայտարարության հետ, որի արդյունավետությունն ու արդիական լինելը նույնպես բավական կասկածելի է։
«ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը նշեց, որ հրադադարի պահպանման համար, ելնելով մի շարք պատճառներից, նրանք փորձում են պայմանավորվել սկանդինավյան երկրների հետ՝ սկանդինավյան խաղաղապահների ներգրավելու համար։ Առաջին հայացքից կառուցողական այս առաջարկը մի շարք խնդիրներ է պարունակում իր մեջ»,- ասել է Բեքարյանը։
Նա նշել է, որ դիտորդական կամ ռազմական խաղաղապահ գումարտակ կազմելը սկանդինավյան երկրների հետ բավական ժամանակատար կարող է լինել։
«Արցախն այսօր դիմակայում է ագրեսիայի Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների կողմից, ամեն օրը մարդկային կյանքեր արժե։ Եվ այդ դեպքում մտնել այսպիսի գործընթաց և այն համարել տրամաբանական, որևէ կերպ չի ստացվում»,- նշել է վերլուծաբանը։
Բեքարյանն ընդգծել է, որ խաղաղապահ առաքելությունն Արցախյան հակամարտության համատեքստում ի սկզբանե դիտարկվել է որպես քաղաքական կարգավորման մաս։ Այդ տրամաբանության մեջ էլ տեղավորվել է դրա առավել չեզոք լինելը՝ տարածաշրջանում շահեր ունեցող երկրներին չներգրավելը։
«Ներկայիս պարագայում դա չի ստացվում։ Կողմերից մեկի ցինիկ պահվածքի պարագայում մենք պիտի գործ ունենանք խաղաղության պարտադրման և ոչ թե խաղաղապահների տեղակայման երկարատև գործընթացի հետ՝ սկանդինավյան պետությունների ներգրավմամբ»,- ասել է Կարեն Բեքարյանը։
Նա նաև հավելել է, որ սկանդինավյան պետությունները կամ ՆԱՏՕ-ի անդամ են, կամ շատ սերտ համագործակցում են ՆԱՏՕ-ի հետ։
Մանրամասները տեսանյութում։










