Փաշինյանի նամակը Ռուսաստանի հետ փոխադարձ աջակցության մասին պայմանագրի գործողության ընթացակարգի մեկնարկն է. Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՌԴ նախագահին ուղղված նամակը Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի գործողության ընթացակարգի մեկնարկն է: «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման շրջանակներում նման կարծիք է հայտնել վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
«Խոչընդոտը, որ երբ չկար դիմում, ընթացակարգը չէր գործում, հանված է, դիմումը կա, և այսուհետ այդ ընթացակարգը կգործի, եթե որևէ ռազմական գործողություն եղավ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ», - նշել է վերլուծաբանը:
Կարեն Բեքարյանի կարծիքով՝ վարչապետի նամակին պաշտոնական Մոսկվայի պատասխանն իրավական տեսանյունից նշանակում է, որ վերոնշյալ պայմանագիրը գործում է ողջ ծավալով, և այս գործընթացին Ռուսաստանի Դաշնության մասնակցության իրավական լեգիտիմ նորմն ապահովված է:
«Եթե հարցին մոտենանք քաղաքական տեսանկյունից, Ռուսաստանի պատասխանը իր մեջ շատ ուժեղ զանգ-զգուշացում է պարունակում, որ Հայաստանի տարածքի հետ որևէ առնչություն այսուհետ ուղղակիորեն բերելու է այս ընթացակարգով նախատեսված գործընթացին», - նշել է նա:
Ըստ վերլուծաբանի՝ ռազմական տեսանկյունից այս նամակով երեք կողմերն էլ՝ ներառյալ Արցախը, հիմա ունեն լրիվ այլ իրավիճակ: «Լավատեսության հետ կապված չէի շտապի, բայց կա իրավիճակի փոփոխություն», - նշել է նա՝ ընդգծելով, որ այս քայլը Ռուսաստանի դերակատարումը որպես միջնորդ և Ռուսաստանի դերակատարումը որպես ռազմավարական գործընկեր, դաշնակից բախման մեջ չդնելու կիրառական օրինակ է:
Վերլուծաբանն ակնկալում է, որ առաջիկայում հրադադարի հաստատման ուղղությամբ կարող ենք ականատես լինել Ռուսաստանի Դաշնության ջանքերին ազգային մակարդակով: «Մինսկի խմբի համանախագահությունը, որպես ընդհանրական ինստիտուցիոնալ մարմին, չի կարողանում Ադրբեջանին բերել հրադադարի ռեժիմի: Եվ հետևաբար այստեղ երկրներից յուրաքանչյուրի մակարդակով գործողության դաշտ կա», - նշել է նա:
Կարեն Բեքարյանը չի բացառել, որ Ռուսաստանի կողմից կարող է կիրառվել նաև խաղաղության պարտադրանք բանաձևը: «Այս ուղղությամբ ՌԴ հետ պետք է ունենալ խորհրդակցություններ», - ընդգծել է նա:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին և Ֆրանսիան, ապա, ըստ վերլուծաբանի, վերջիններս, երբ չեն կարողանում հողի վրա իրավիճակ փոխել, գոնե պետք է փորձեն Ադրբեջանին կարգի հրավիրել, որի լավագույն քայլը կլիներ Արցախի անկախության ճանաչումը:
Մանրամասները տեսանյութում:










