ՌԴ-ն լեգիտիմ հիմք և հնարավորություն ունի խաղաղություն պարտադրելու տարածաշրջանում․ Կարեն Բեքարյան (տեսանյութ)

15:42 • 01.11.20

Որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ և տարածաշրջանի համար լայն իմաստով պատասխանատու գերտերություն, ՌԴ-ն հնարավորություն ունի, լեգիտիմ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, պարտադրելու զինադադար և խաղաղություն։ Այս մասին «Տողերի արանքում» և «Անվտանգության գործոն» հեռուստահաղորդումների հերթական համատեղ թողարկման ժամանակ ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը։

«ՌԴ-ն  նախևառաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է, բայց որպես միջնորդ հանդես է գալիս նաև առանձին՝ ազգային մակարդակով։ Միաժամանակ, ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, որի հետ իրեն կապում է լայն իրավական բազան»,- նշել է անվտանգության հարցերով փորձագետ Արման Սաղաթելյանը։

Զրուցակիցները նշել են, որ ՌԴ-ն որպես միջնորդ պատերազմի առաջին իսկ ժամերից ազգային մակարդակով փորձել է նախաձեռնող լինել՝ կողմերի հետ կապի մեջ գտնվելով և ձգտելով հասնել հրադադարի ռեժիմի արագ հաստատմանը։

Նշվել է, որ ՌԴ-ն գործում է համագործակցելով մյուս միջնորների հետ, բայց առաջամարտիկի դերում է, ինչն էլ շատ օբյեկտիվ է՝ հաշվի առնելով ՌԴ շահերն ու կապերը կողմերի հետ։

«Այս դերակատարման ինչ-որ իմաստով կուլմինացիան էր հոկտեմբերի 10–ի եռակողմ բանակցությունները և համատեղ հայտարարությունը։ Դա կոորդինացվում էր համանախագահների հետ, սակայն ազգային մակարդակով ՌԴ ամենաբարձր ներգրավվածությամբ գործընթաց էր։ ՌԴ նախագահը անմիջական կապի մեջ էր կողմերի ղեկավարների հետ և գործընթացն էլ մեկնարկել էր ՌԴ նախագահի ուղերձից»,- նշել է Բեքարյանը։

Զրուցակիցներն ընդգծել են, որ չի կարելի բախման մեջ դնել ՌԴ երկու դերակատարումները՝ որպես միջնորդ և որպես դաշնակից։

Երկկողմ հարաբերությունների և իրավապայմանագրային բազայի դրսևորում է Նիկոլ Փաշինյանի նամակը ՌԴ նախագահին և ռուսական կողմի պատասխանը։ Մեկ այլ կոմպոնենտ է ՌԴ ռազմաբազայի առկայությունը Հայաստանում։ Այս համատեքստում ընդգծվել է, որ ռազմաբազայի գործունեության ժամկետի երկարացման ժամանակ դրա հիմքում դրվել է Հայաստանի և Ռուսաստանի անվտանգային համատեղ շահը և զուգահեռ ընդլայնվել է նաև դրա լիազորությունների ծավալը՝ տարածելով այն ոչ միայն Թուրքիայի և Իրանի, այլև Վրաստանի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների վրա:

«Իրավապայմանագրային բազան՝ ապահովող Ռուսաստանի հստակ դերակատարումը ոչ միայն տեսական, այլև կիրառական, հողի վրա, որպես ՀՀ ռազմավարական գործընկեր և դաշնակից, լիարժեք առկա է, և հիմա մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ այդ ընթացակարգը «միացված է»։ Բնականաբար, խոսքը գնում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի մասին»,- նշել է Բեքարյանը։

Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ առկա հարաբերությունները և ՌԴ կողմից իր պարտավորությունների հաստատումն ու հավաստումը լայն հնարավորություններ են ստեղծում Հայաստանի համար։ Խոսվել է նաև ՌԴ տարածաշրջանային դերակատարման մասին։

«Ըստ էության, Ռուսաստանը գերտերություն է, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ է և գլոբալ առումով աշխարհի անվտանգության համար պատասխանատվության որոշակի բաժին ունի, իսկ այս տարածաշրջանում առաջատարներից մեկն է, եթե ոչ հիմնականը»,- նշել է Արման Սաղաթելյանը։

Նշվել է, որ ՄԱԿ կանոնադրությամբ, եթե կա ագրեսիայի ակտ, հարկ եղած դեպքում կա պարտավորություն նաև ագրեսիայի ենթարկվածին աջակցելու։

«Այժմ մենք ունենք ագրեսիայի էլեմենտ, և ինչպես ցանկացած երկիր, առավել ևս երկիր, որը ՄԱԿ ԱԽ անդամ է, առավել ևս, որ իրավիճակը տեղի է ունենում իր պատասխանատվության լայն գոտում, ՌԴ-ն ունի հնարավորություն, լեգիտիմ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, պարտադրելու զինադադար և խաղաղություն»,- նշել է Բեքարյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այս ամենին մասնակցում են վարձկան ահաբեկիչներ Մերձավոր Արևելքից։

Զրուցակիցներն ընդգծել են, որ ՌԴ դերը, նշանակությունն ահաբեկչության դեմ պայքարում և նրա գործիքակազմը հնարավորություն տալիս են այդ մարտահրավերին արձագանքելու, այդ թվում՝ սեփական շահերից ելնելով։ Այս համատեքստում հիշատակվել են վերջին օրերին Չեչնիայում տեղի ունեցած դրսևորումները։

Նշվել է, որ այս ամենի ներքո արդեն խիստ պայմանական են դառնում սահմանները, թե որտեղ են ծավալվում գործողությունները։ Թե՛ ագրեսիան կանգնեցնելու իմաստով, թե՛ ահաբեկչության դեմ պայքարի իմաստով սահմանները սկսում են չնչին դերակատարում ունենալ։

Մանրամասները տեսանյութում։