Ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ. Արցախի ԱԻ պետական ծառայություն

20:39 • 02.11.20

Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի, ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:

Հասանելի վայրերում  ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները հրդեհաշիջման միջոցներ են ձեռնարկում, բայց աղետը շարունակում է մնալ օրախնդիր։

Այսպիսով թշնամական կողմը  հումանիտար աղետին փորձում է  ավելացնել նաև  բնապահպանականը` զգալի վնաս պատճառում նաև Արցախի  կենդանական ու բուսական աշխարհին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։