«Ասացի՝ ռիսկի չդիմեք, բայց առավոտյան ասաց՝ վարձկաններից մեկին գերի ենք վերցրել» . Արցախի նախագահը պարգևատրեց Վլադիմիր Բալայանի որդուն և ջոկատի ևս 5 կամավորների (տեսանյութ)

12:55 • 02.11.20

Այսօր հանդիպել եմ Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և կցել հանդիպման տեսանյութը։

«Հայոց պատմության այս կարևորագույն շրջափուլում, երբ վտանգված են մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր ազգային շահերը, նրանց դերակատարությունն անգնահատելի է, ինչպես և եղել է Վլադիմիր Բալայանի ու Շահեն Մեղրյանի դեպքում:

Հայրենի հողի փրկության համար նրանց գործած սխրանքների մասին խոսելու դեռ շատ առիթներ կունենանք, բայց հընթացս պարտավոր ենք հանդիպել, քննարկել իրավիճակը և պարգևատրել»,- տեսանյութին կից գրել է Արցախի նախագահը։

Խոսելով Վլադիմիր Բալայանի ջոկատի անդամների և մասնավորապես Ալեքսեյ Բալայանի մասին՝ նախագահն ընդգծել է. «Խախտելով ինձ հետ պայմանավորվածությունը՝ երբ Ալեքսեյ Բալայանը զանգել էր, ասում էր՝ «առաջներս կան այդ վարձկաններից և մենք ուզում ենք գնալ ու ապացույց բերել», կատերգորիկ արգելել եմ, ասել եմ՝ ռիսկի չդիմեք։

Իսկ առավոտյան կապ է հաստատում ու ասում՝ «մեկին գերել ենք, հնարավորություն ունենք ևս մեկին», ասացի՝ այդ հնարավորությունը չօգտագործեք, որովհետև ձեր ամեն մի կյանքը շատ ավելի կարևոր է, քան՝ ցանկացած վարձկան գերելը»,- նշել է Արցախի նախագահն ու Վլադիմիր Բալայանի անվան կամավորական ջոկատի անդամներ Ալեքսեյ Բալայանին, Գարիկ Գալստյանին, Արթուր Մնացականյանին, Արմեն Բաղունցին, Արման Ղարիբյանին և Հարութ Խաչատրյանին պարգևներ հանձնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։