Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, Մարտունու ուղղությամբ հակառակորդին հաջողվել է վերցնել 1-2 դիրք. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

22:01 • 02.11.20

Անցնող ողջ գիշերվա ընթացքում Արցախի հյուսիսարևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերը ձեռնարկել է լայնածավալ հարձակման մի քանի փորձ և բոլոր փորձերը տապալվել են: Այս մասին միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեկ վաշտ, մեկ դասակ և այլ ուժերի կազմով նախաձեռնած հարձակումները տապալվել, հետ են մղվել, որոշ ստորաբաժանումներ մնալով ծուղակում մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են», - ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վաղ առավոտյան, ժամը 7-ից սկսած, սահմանագոտում այլ հատվածներում հյուսիսում՝ Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնական հատվածում՝ Մարտունու ուղղությամբ, հարավային հատվածում տարբեր ուղղություններով հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկել։

«Այսօրվա հարձակումներն իրենց ուժգնությամբ որոշակիորեն տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։ Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել, նույնիսկ՝ հետապնդման հնարավորությունով։ Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ։ Սակայն Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք՝ Մարտունուց հարավ՝ Ճարտարի ուղղությամբ։ Այս պահին հարձակողական բոլոր գործողությունները տապալված են: Այս պահին էլ մարտերը շարունակվում են»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ ծրագրեր կան հրադադարի չպահպանման պարագայում գերիների և դիերի փոխանակման հարցում, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ գերիների առումով կա ամենօրյա աշխատանք, բայց, ցավոք, դա չի կարող որևէ կերպ հաջողել, եթե Ադրբեջանի կողմից չկա բացարձակ ցանկություն այդ ուղղությամբ որևէ կոմպրոմիսի կամ մարդկային հարաբերությունների գնա: «Մենք ևս տառապում ենք այս հարցով, բայց, ցավոք, աշխատանքները հաջողություն չեն ունենում»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք համաճարակի վտանգ չկա նրանում, որ թշնամու դիերը արդեն մի քանի շաբաթ բաց երկնքի տակ են, ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ տեղեր կան, որ 20 և ավելի օրեր Ադրբեջանի Զինված ուժերի, վարձկանների, ահաբեկիչների դիակները մնում են բաց երկնքի տակ և առաջացնում են լուրջ խնդիրներ:

«Փորձում ենք այդ խնդիրները լուծել տարբեր ձևերով, որ համաճարակ չառաջանա, վստահ եմ, որ համաճարակի առումով կհաջողենք, բայց դիակները մնում են, քանի որ իրենք թքած ունեն իրենց սեփական կորուստների վրա: Այսօր էլ Հադրութի տարածաշրջանի գյուղերից մեկի հատվածում մեր դիրքերի ուղղությամբ իրենց մեծաթիվ զորքերի գրոհը հետ մղելիս, նորից իրենք մեր դիրքերի դիմաց թողել են մոտավորապես 15-16 դիակ և փախել են, բացարձակապես մոտ չեն եկել, որ տանեն»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանի ցամաքային զորքերի ներուժը բավականին լուրջ կորուստներ է կրել: «Բլից-կրիգը տապալել ենք, և դրանից հետո իրենք փորձում են ճանկռելով առաջ գալ, ինչ-որ տեղ հաջողվում է, ինչ-որ տեղեր չի հաջողվում, բայց թափը հաստատ չի լինելու առաջին 15-20 օրերի սաստիկ թափը»,- ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ համարժեք պատասխան Ադրբեջանին ամեն օր տրվում է: «Բայց խնդրում եմ մի մոռացեք, հակառակորդը քանակապես մեզանից մեծ է, ունեցած միջոցները մեզանից շատ են, ունի Թուրքիայի լիարժեք աջակցությունը, խփել-ջարդելը ամեն օր կատարվում է, նրա կրած կորուստները ամեն օր բազմապատիկ անգամ ավելի շատ են մեր կորուստներից, բայց պատերազմ է, և փոքր պատերազմ չէ»,-ասաց նա և վստահեցրեց, որ մեր զորքերը տիրապետում են իրավիճակին։