Երեկ արցախա-ադրբեջանական ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում ծավալված թեժ մարտերի ժամանակ վիրավորում է ստացել մեկ զինծառայող․ ՊՆ խոսնակ
Նոյեմբերի 1-ին արցախաադրբեջանական ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում ծավալված թեժ մարտերի ժամանակ, որի ընթացքում հակառակորդը ջախջախվել է, վիրավորում է ստացել մեկ զինծառայող: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնԿ Շուշան Ստեփանյանը և մաղթել զինծառայողին շուտափույթ ապաքինում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։










