«Ամերիկացիներին պետք է հարցնել՝ որտեղից են ստացել այդ առաջարկներն ու գաղափարները». ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂ-ում սկանդինավցի խաղաղապահներ մտցնելու գաղափարը
Մոսկվան ամբողջական տեղեկատվություն չունի Ղարաբաղում սկանդինավյան երկրներից խաղաղապահներ տեղակայելու գաղափարի մասին, բայց ամեն դեպքում, բոլոր պարամետրերը պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի միջև: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը սկանդինավյան երկրների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ առաքելության հնարավոր ուղարկման շուրջ, որը կարող է տեղակայվել տարածաշրջանում `զինադադարի պահպանման համար: Նրա կարծիքով, Մինսկի խմբի համանախագահող երկրները, ներառյալ ԱՄՆ-ն կամ հարևան երկրները, չպետք է ներառվեն որևէ զինված խաղաղապահ ուժերի կազմում, Թուրքիայի խաղաղապահ դերն էլ ԱՄՆ-ի և Հայաստանի համար հարմար տարբերակ չէ:
«Ամերիկացիներին պետք է հարցնել, թե որտեղից են ստացել այդ առաջարկներն ու գաղափարները: Հնարավոր մեխանիզմների բոլոր անհրաժեշտ պարամետրերը պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի հետ խորհրդակցելուց հետո», - լրագրողների հետ զրույցում ասել է Ռուդենկոն:
Պատասխանելով հստակեցնող հարցին, թե արդյո՞ք Մոսկվան տեղյակ է ԱՄՆ-ի այս գաղափարից, փոխնախարարը նշել է, որ «մենք, ինչպես դուք, գիտենք, (միայն) այն, ինչ ասել է Օ'Բրայենը»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։










