Ցուցարարները շրջափակեցին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մուտքերն ու ելքերը, իջեցրին ու պոկեցին դրոշը (տեսանյութ)

12:41 • 02.11.20

Բողոքի ակցիայի մասնակիցներն իջեցրին ՄԱԿ-ի գրասենյակի դրոշը և գետնին՝ դրոշի կողքին, դրեցին գլխատված հայ զինվորների նկարները: ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցը վերցրեց դրոշը, սակայն հայ զինվորների նկարները թողեց գետնին:

Ակցիայի մասնակիցները որոշեցին ակցիան դադարեցնել և այն շարունակել վաղը ժամը 11:00-ին:  Նրանք վաղը ակցիային կմասնակցեն սև հագուստով և ծաղկեպսակներով:

12:41

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։ Նրանք պահանջում են չլինել կույր ու համարժեք արձագանք գալ Արցախում թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմին, զսպել Արցախի դեմ ագրեսիան։

Ակցիայի մասնակիցներին ՄԱԿ-ի գրասենյակից տեղեկացրին, որ գրասենյակում աշխատակիցներ չկան, միայն տեխնիկական աշխատակիցներն են և մաքրուհիները:

Ակցիայի մասնակիցները որոշեցին փակել ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը, մինչև գրասենյակի ղեկավարը՝ Շամբի Շարփը, չհանդիպի իրենց հետ:

«Չենք գնալու, մինչև նրանք դուրս գան, փակելու ենք բոլոր մուտքերը, որ գրասենյակից ոչ մեկը դուրս չգա: Պատրաստ ենք օրերով այստեղ նստել, որովհետև զինվորը օրերով չի քնում, մենք թիկունքի մարտիկներն ենք և կմնանք այստեղ, մինչև մեզ չհանդիպեն և չլսեն»:

Այնուհետեւ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կանգնեցված կառույցի դրոշը ակցիայի մասնակիցները ձողերով իջեցրին և պոկեցին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։